Միահամուռ ուժերով կապիկություն եք անում. Սպանված ոստիկանի այրին՝ «Սասնա ծռերին»
2016թ. հուլիսին ՊՊԾ գնդում վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած Գագիկ Մկրտչյանը ոչ միայն ձեռքի վիրավորում է ստացել, այլև որովայնի: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը: Վերջինս այս գործով տուժողի իրավահաջորդ է:
News. am-ը գրում է, որ կինը դատարանին պատմեց, որ 2016թ. լույս 17-ի լուսաբացին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ամուսնու ընկերը եկել է իրենց տուն ու ասել, որ Գագիկն իրեն վատ է զգացել, ընկել է ձեռքը վնասել եւ չի ցանկանում մտնել վիրահատարան, մինչեւ իրեն՝ կնոջը չտեսնի: Ոսկանյանը նշեց, որ ամուսնուն տեսել է վիրահատությունից հետո: «Ամուսնուս տեսա՝ ասում էր ամեն ինչ լավ կլինի, ուղղակի ձեռքս ա, միայն նեղվում էր, որ չի կարողանա գնալ երկրորդ աշխատանքին, ռեմոնտ էր անում: Ասում էր՝ ո՞նց պետք է պահեմ տղայիս»,- պատմեց Ոսկանյանը՝ նշելով, որ ամուսինը, հավանաբար, միայն ձեռքի վնասվածքի մասին է խոսել, որովհետև նրան խնայելով՝ չեն ասել, որ որովայնը նույնպես վնասված է, այնինչ տիկին Ոսկանյանն ամեն ինչի մասին իմացել է: Հասմիկ Ոսկանյանն ասաց, որ ինքն անգամ այդ ժամանակ չի իմացել, թե քաղաքում ինչ է կատարվում, առավել եւս չի տեղեկացել ՊՊԾ գնդի գրավման մասին՝ հավելելով, որ հաջորդող օրերին ամուսինն իրեն դեպքի մասին որոշ հանգամանքներ է պատմել:
«Պատմել է, որ 6:30-ի կողմերն աղմուկ են լսել, մտածել են, որ վթար է եղել, գնացել են օգնության, ապա լսվել են կրակոցի ձայներ: Երեւի տեսախցիկներով նայել ա, ասաց՝ դռները փակել եմ, կապ եմ տվել շտապօգնություն ու տրեվոգա են բարձրացրել: Այս ընթացքում կրակոցներն անընդհատ հնչել են, եկել են դուռը բացելու, ինքը չի բացել: Ազգանունն են տվել, էլի չի բացել: Եթե չեմ սխալվում, կրակոցով դրսի դուռն են բացել, որ մտնեն արդեն հերթապահ մաս, այդ ժամանակ լեզվակռիվ ա եղել: Հարցրեցի,ասաց՝ երեք հոգի էին՝ մեկը կոլոտ, փռչոտ, մյուսը՝ մի քիչ բոյով, լիքոտ»,- ասաց նա՝ նշելով, որ 2-րդ վիրահատությունից հետո իմացել է, որ ամուսինը մահացել է:
Ոսկանյանն ասաց, որ ամուսնու մահից որոշ ժամանակ անց տեսել է Պավել Մանուկյանի կնոջ հարցազրույցը, որտեղ, ըստ կնոջ պատմածի, նա նշել է, թե այն տղան, որ ձեռքից էր վիրավորվել, թող մտածեն՝ ոնց հասավ հիվանդանոց ու դարձավ փորի վնասվածք:
«Ոնց որ սառը ջուր լցնեին գլխիս, ոնց թե՞ դուք մինչեւ հիմա մտածում էիք, որ Գագիկը միայն ձեռքի՞ց է վիրավորվել: Ձեզանից որեւէ մեկը Գագիկի մայկան բարձրացրե՞լ էր, տեսե՞լ էր վերքը, որ բոլորդ միահամուռ ուժերով կապիկության նման կանգնում, ասում եք, որ ձեռքից ա եղել վիրավոր»,- դիմելով ամբաստանյալներին հայտարարեց ոստիկանի այրին:
Նշենք, որ Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվում է խմբի անդամ Արմեն Բիլյանը: