Սպորտի նախարարությունը դադարեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը պատրաստվում է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում: Գեւորգյանը բողոքել է, որ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը դադարեցրել է իրենց պետական ֆինանսավորումը:
«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ եւ լրագրողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն եւ սպորտի նախարարությունը վերջնականապես հաստատեցին այն իրողությունը, որ ծառայում են մեկ անձի շահերին եւ նրա քմահաճույքների կատարմանը:
Այսպես, ՀՀ սպորտի նախարարությունից ստանում եմ գրություն, որով ասվում է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը 01.04.2019 թվականին կասեցրել է նախարարության եւ ֆեդերացիայի միջեւ կնքված պայմանագրով ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչեւ ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը: Բռնցքամարտի ֆեդերացիան, որպես օլիմպիական մարզաձեւ, ֆինանսավորվել է պետական բյուջեից: Այս տարի եւս կնքվել է համապատասխան պայմանագիր, սակայն մեկ անձի կամակատար սպորտի նախարարությունն իր ապօրինի որոշմամբ դադարեցրել է ֆինանսավորումը, այն էլ այն ժամանակ, որ բռնցքամարտն իր զարգացման լավագույն ժամանակներն է ապրում:
Նման ակնհայտ ապօրինություն եւ ակնհայտ ոչ իրավաչափ վարչարարություն չենք հանդուրժելու եւ դիմելու ենք ՀՀ վարչապետին, ակնկալելով ինստիտուցիոնալ տեսքի բերել նախարարությանը: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան պահանջել է տրամադրել կայացված որոշման ընդունման հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը։
Հանրությանը մշտապես տեղեկացնելու ենք իրավասու մարմինների բոլոր ապօրինությունների մասին»,- գրել է նա:
ՀԲՖ-ի շուրջ աղմուկը սկսել է նախագահի ընտրություններից հետո: Ընտրությունները կայացել են 2018 թ. օգոստոսի 2-ին, եւ Արթուր Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց պաշտոնում: Այդ օրվանից հայկական բռնցքամարտում աղմուկ բարձրացավ: Բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին, դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Լեւոն Վահրադյանին: Ըստ նրանց՝ ընտրություններն անցել էին խախտումներով: Գեւորգյանի դեմ բողոքող կողմում գտնվող բռնցքամարտի ներկայացուցիչները բռնցքամարտի այլ ֆեդերացիա հիմնեցին, որով հավակնում են փոխարինել բռնցքամարտի՝ տարիներ շարունակ գործող ֆեդերացիային:
Վերջերս Բռնցքամարտի միջազգային միությունը՝ ԱԻԲԱ-ն, պահանջել էր նոր ընտրություններ անցկացնել: ՀԲՖ-ն դրա համար բացատրություններ էր պահանջել: Վերջերս նաեւ սառեցվել էր ՀԲՖ անդամակցությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: Գեւորգյանը կարծում է, որ այս ամենի հետեւում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, որն այսպես իր խնդիրներն է լուծում: