ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաքսակետում առգրավել են քաղաքացու անվադողերը՝ որպես փորձաքննության թափոն. Փաստինֆո
ՀՀ քաղաքացի Վիլեն Խաչիյանցը ութ տարի Մոսկվայում բնակվելուց հետո որոշել է վերադառնալ Հայաստան` մշտական բնակության, սակայն Հայաստանի սահմանային անցակետում բախվել է խնդիրների, որոնց պատճառով այսօր ասում է. «Մի օր է, ինչ Հայաստանում եմ, բայց եթե հնարավորություն լիներ, նույն պահին հետ կգնայի»,- գրում է Pastinfo. am-ը: Բանն այն է, որ հեղափոխությունից և վարչապետի բազմաթիվ կոչերից հետո Խաչիյանցը վաճառել է Մոսկվայում գտնվող իր տան իրերի մի մասը, մնացածը` բարձել մեքենային և ճանապարհ ընկել. «Մտածեցի` վերադառնամ. վարչապետը, որ այդքան ասում է, ուրեմն` ինչ-որ բան դեպի լավը փոխված կլինի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշում է նա եւ հավելում. «Բայց պայմանները հայրենադարձների համար շատ վատն են»: Անցնելով 2300 կմ` քաղաքացին հասել է Հայաստանի Հանրապետության Գոգավանի անցակետ, որտեղ նրան ասել են, որ իրավունք չունի իր ամառային անվադողերը Հայաստան մտցնելու. «Ես ձմեռային անվադողերով էի, դե ամբողջ ճանապարհը ձյուն է, գիտեք, ինձ ոչ մի տեղ չասացին, թե ինչ-որ խնդիր կա, Վրաստանում` Լարսի ճանապարհին, նույնիսկ օգնություն առաջարկեցին»: Ամառային չորս անվադողերից բացի մեքենային բարձած է եղել նաև հեծանիվ, ներսում եղել են անձնական օգտագործման կենցաղային իրեր` հագուստ, սպասք: Սակայն խնդիրը միայն անիվներին է վերաբերել. անցակետում դրանք դիտարկել են որպես թափոն: Բայց հարցն այն է, որ դա կատարվել է բանավոր տարբերակով. անիվները փորձաքննություն չեն անցել, եւ քաղաքացուն չի տրվել որեւէ փաստաթուղթ` անիվների մաշվածության գնահատականի վերաբերյալ. «Ես իրենց էլ ասացի` երբ նստած լիներ որեւէ մասնագետ, ով կուսումնասիրեր եւ կփաստեր, որ անիվները, օրինակ, 70 տոկոս մաշված են եւ ենթակա չեն շահագործման, երբ ինձ դա հավաստող փաստաթուղթ կտային, կհասկանայի, բայց այսպես... Ես հենց մեքենայից իջա, այդ աշխատակիցները մոտեցան ինձ ու ասացին` սա արդեն խնդիր է»: Արդյունքում, անիվներն առգրավել են, և Վիլեն Խաչիյանցն առանց դրանց մտել է Հայաստան: Նա պնդում է` եթե իր մոտ լինեին հինգ-վեց անիվ, անցակետում կարող էին նաեւ մտածել, թե ինքը ծախու ապրանք է բերում, բայց չորս անիվ է եղել, այն էլ` անձնական օգտագործման. «Եթե ես ձմեռայինով եմ եկել, պարզ է` դա էլ ամառայինս է, իսկ դրանց ես 4 տարի առաջ մոտ 22 հազար ռուբլի փող եմ տվել: Հիմա ես պիտի տեսնեմ` այստեղ այդ ֆիրմայի անիվներից կան թե ոչ, բայց չեմ կարծում, թե 50-60 հազարից էժան կլինեն»: Քաղաքացին նաև դիմել է անցակետի աշխատակիցներին` խնդրելով տրամադրել փաստաթուղթ առ այն, որ իր անիվները վերցրել են, սակայն անցակետում հրաժարվել են` ասելով, որ նման բլանկներ չունեն. «Հրաժարվեցին նաև սովորական թղթի վրա գրել, ես էլ պահեստում եղած ժամանակ տեսանկարահանեցի»: Խաչիյանցը պնդում է, որ իր տեսանկարահանումից էլ երեւում է, որ անիվները հազիվ քսանհինգ-երեսուն տոկոս մաշված լինեն: Նա այժմ Հայաստանում է եւ արդեն իսկ դիմել է օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարների օգնականներին` բարձրաձայնելով իր բողոքը: Վերջիններս խոստացել են զբաղվել այդ հարցով: Տեսանյութըՙ Փաստինֆոյի:

Քաղաքականություն