Ինչի է պատրաստվում Ադրբեջանը. Ալիևի նոր կերպարը.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանական կողմը տեղեկություն է տարածել Ֆիզուլիի ուղղությամբ իր մեկ զոհի մասին, հայտնելով, թե դա տեղի է ունեցել հայկական կողմի կրակոցից: Այս տեղեկությունը առանձնահատուկ իմաստ է ստանում մի կողմից սահմանին հարաբերական կայունության եւ ամիսներ շարունակ զոհերի բացակայության ֆոնին, մյուս կողմից՝ մարտի 29-ին Վիեննայում սպասվող Փաշինյան-Ալիեւ հանդիպման:
Հատկանշական է, որ հանդիպումից առաջ տեղեկություն է տարածել նաեւ Հայաստանի ՊՆ-ն, սակայն ոչ թե զոհի կամ վիրավորի, այլ կրակոցների միջոցով ադրբեջանական դիրքային առաջմղման փորձը կասեցնելու մասին:
Ընդ որում, Հայաստանի ՊՆ տարածած տեղեկատվության մեջ նշվում էր, որ խոսքը վերաբերում է հյուսիս-արեւելյան սահմանային ուղղությանը, այսինքն՝ Տավուշի մարզին: Մասնավորապես, խոսքը վերաբերել է Բերդավան գյուղի մոտ դիրքերին, չեզոք գոտում դիրքերն առաջ մղելու եւ ամրացնելու ադրբեջանական փորձին: Սրա ֆոնին Բաքուն տեղեկություն է տարածում զոհի մասին: Ամենեւին զարմանալի չի լինի, եթե այդ տեղեկությունը լինի մտացածին, այսինքն՝ ադրբեջանական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքը ներկայացվի իբրեւ հայկական կրակոցի զոհ:
Առավել եւս, որ դրանով Ադրբեջանը կփորձի լուծել մի քանի հարց: Մի կողմից իր զինվորի մահվան համար պատասխանատվությունը հանել վրայից, մյուս կողմից՝ Վիեննայի հանդիպումից առաջ հայկական կողմին ներկայացնել որպես Դուշանբեի պայմանավորվածությունները խախտող, այդպիսով իր վրայից հանելով նաեւ պատասխանատվությունը Տավուշի ուղղությամբ դիրքային առաջմղման փորձի համար:
Թերեւս կասկածից վեր է, որ Վիեննայի հանդիպումից առաջ ականատես ենք առնվազն տեղեկատվական դիրքային պայքարի: Հարցն այն է, թե Ադրբեջանի այդ մարտավարությունն ինչ հարց է փորձում լուծել, Վիեննայից առաջ մթնոլորտի կարճաժամկետ հարց, թե՞ ավելի երկար հաշվարկ, այսպես ասած, սահմանային լարվածության տանող «լեգիտիմ» քայլեր կատարելու համար:
Բոլոր դեպքերում, Երեւանն ու նաեւ Ստեփանակերտը պետք է պատրաստ լինեն ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլ սահմանին, բառի բուն իմաստով, ադրբեջանական հնարավոր սադրանքները կանխարգելելու համար: Մյուս կողմից հատկանշական է, որ ադրբեջանական կողմն է բարձր մակարդակի հայ-ադրբեջանական հանդիպումներից առաջ հայտնում կորստի մասին, այն դեպքում, երբ տխուր «ավանդույթ» էր դարձել այն, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումներից առաջ կամ հետո զոհ էր ունենում հայկական կողմը՝ Բաքվի ռազմական դիվանագիտության տրամաբանության շրջանակում: Վիեննայից առաջ «զոհի» կերպարով է փորձում ներկայանալ Բաքուն:
Այդ խաղի հանդեպ պետք է լինել, իհարկե, չափազանց ուշադիր, մյուս կողմից էլ այստեղ անշուշտ արտացոլվում է իրավիճակի ընդհանուր տրամաբանության փոփոխությունը, երբ ռազմական դիվանագիտության կամ շանտաժի հնարավորությունները բավականին սահմանափակվում են, եւ Բաքուն ելքեր է փնտրում «զոհի» կերպարում: Հայկական ռազմավարության խնդիրներից մեկը պետք է լինի մի կողմից չկորցնել զգոնությունն ու պատրաստ լինել որեւէ լատենտ սադրանք կանխելուն, թույլ չտալուն, եւ մյուս կողմից պահել Ադրբեջանն այդ կերպարում, քանի որ դա է նաեւ ռեգիոնալ խաղաղությունն ու կայունությունը պահելու գրավականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում