«Սպանելու լիցենզիա». Հայաստանում տրված բժշկական կեղծ դիպլոմներով 40 արաբ բժիշկ է կալանավորվել
Այսօր Իսրայելում 40 արաբ բժիշկներ են կալանավորվել, որոնք Հայաստանում տրված բժշկական կեղծ դիպլոմներ են ունեցել: Իսրայելի ոստիկանությունը կալանավորել է 40 բժիշկների, դեղագետների եւ ստաժորների, որոնք Հայստանում ստացել են բժշկական եւ դեղագիտական ԲՈՒՀ-ի կեղծ դիպլոմներ: Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ դրանք անօրինական են, քանի որ վերահիշյալ 40 հոգին դիպլոմները ստացել են բժշկական ուսումնական հաստատությունները չավարտած: Ըստ տեղեկատվության, նրանք ներկայացրել են այդ դիպլոմները և թույլտվություն ստացել աշխատել Իսրայելի տարբեր առաջատար բուժհաստատություններում: Բոլոր կալանավորվածները Իսրայելի քաղաքացիներ են, սակայն ազգությամբ արաբներ: Անգամ նրանցից մեկին ոստիկանությունը կալանավորել է Բարզիլայ կլինիկայում հերթապահության ժամանակ: Այս հսկայական խարդախության քրեական գործը ստացել է «Սպանելու լիցենզիա» անվանումը: Այս մասին այսօր հայտնում է www.vesty.co.il կայքը: Ոստիկանության տվյալներով, քննությունը սկսվել է Իսրայելի Առողջապահության նախարարությունում ստացված անանուն բողոքից հետո։ Հետաքննությունը երկար ժամանակ գաղտնի էր պահվում, և միայն այն բանից հետո, երբ ոստիկանության տրամադրության տակ բավարար ապացույցներ կային, կասկածյալները, որոնց մեծ մասը ապրում էր արաբական բնակավայրերում, ձերբակալվել են:Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալները սովորել են արտերկրում գտնվող տարբեր ուսումնական հաստատություններում: Կեղծարարի օգնությամբ նրանք ընդունվել են Սուրբ Թերեզա, Մխիթար Գոշ և Հայբուսակ կրթական հաստատություններ, կարճ ժամանակում սովորել և ստացել են դիպլոմներ:
Մենք էլ հավելենք, որ դեռևս մեկ տարի առաջ Հայաստանում տրվող բժշկական կեղծ դիպլոմների թեման ավելի արդիական դարձավ Իսրայելի առողջապահության նախարարության այն հայտարարությունից հետո, որ հայկական բուհերի տված դիպլոմները կեղծ են։ Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել էր ոստիկանությանը` խնդրելով ստուգել հայկական նմուշի փաստաթղթեր ունեցող որոշ ատամնաբույժների դիպլոմների վավերականությունը։ Իսրայելի առողջապահության նախարարությունն ավելի քան երկու տարի է` չի հաստատում հայկական բուհերի տրամադրած հարյուրավոր դիպլոմները։ Հայկական կողմը բազմիցս հերքել էր այս լուրերը: