Օրվա լրահոս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր, հրաժարական տվեց։ Այս մասին նա հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում։ «Ինչպես ես ասել էի, այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից»,- նշեց Փաշինյանը: Վարչապետի խոսքով` իր հրաժարականով ավարտին է հասցնելու թավշյա հեղափոխությունը։ «Իմ հրաժարականից հետո անհապաղ կլինի կառավարության հրաժարականը։ Երկու անգամ ԱԺ-ն չի ընտրվի, և կնշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ։ Ես այդ ընթացքում շարունակելու եմ կատարել վարչապետի պարտականությունները։ Եթե դեկտեմբերին կայանալիք ընտրություններին դուք քվե տաք մեր քաղաքական ուժին, ես կրկին կստանձնեմ վարչապետի պաշտոնը»,- ասաց Փաշինյանը։ Նա խոստացավ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ դեկտեմբերի 9-10-ին, իսկ մինչ այդ ինքը հրաժարական կտա։ Նշենք, որ ՀՀ սահմանադրության 149 հոդվածը սահմանում է. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Վերջին նորություններ