«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ի ապտակը ՀՀ դատարաններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: Նրա իրավունքների խախտումը դատարանը ճանաչել էր դեռ 2016-ին` արձանագրելով, որ զրկված է եղել արդար դատավարության եւ սեփականությունը պաշտպանելու իրավունքից: Իսկ երեկվա որոշումը վերաբերում է միայն փոխհատուցմանը: Նրա` Բուզանդի 13 հասցեում գտնվող տունն այսօր մեղադրյալի աթոռին գտնվող Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք փոխանցվել է պետությանը:
Նշենք, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարելի է դասել բացառիկների թվին մի քանի պատճառներով: Նախ` այդ գումարն ավելին է, քան մինչեւ օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը, եւ երկրորդ` դատարանի եզրակացության մեջ շեշտված է կոնկրետ դատավորի` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի անունը:
Մասնավորապես, եզրակացության մեջ ասվում է. «…Դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել` այդպիսով խախտելով մարդու` արդար դատաքննության իրավունքը»: Սա աննախադեպ է այն առումով, որ ՄԻԵԴ-ը հազվադեպ է ընդգծված կարծիք հայտնում կոնկրետ դատավորի մասին:
Այն ժամանակ իրավաբանական համայնքը վստահ էր, որ Արման Մկրտումյանն առնվազն պետք է հրաժարական տար, սակայն, ինչպես միշտ, այս անգամ եւս դատավորի սխալ վճռի հետեւանքները պետք է հարթեն ՀՀ շարքային քաղաքացիները, եւ նա հրաժարական տվեց միայն հեղափոխությունից հետո:
Ընդ որում, հիշեցնենք, որ այս գործով ՄԻԵԴ-ում տուժողների շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ի սկզբանե պահանջել էր 10 մլն եվրո փոխհատուցում, սակայն գումարն իջեցվել է ՄԻԵԴ-ի կողմից եւ դարձել 1.5 մլն եվրո:
Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Արման Մկրտումյանի հետ՝ մեկնաբանություններ ստանալու, սակայն չհաջողվեց: Զրուցեցինք այն ժամանակ Երեւանի քաղաքապետ աշխատած Երվանդ Զախարյանի հետ, որի անունը եւս շոշափվում է փաստաթղթերում: Նա հայտնեց որ ինքը երկրում չէ, անձամբ ծանոթ չէ` ինչ որոշման մասին է խոսքը, սակայն նշեց. «Տրամաբանությունը ցույց է տալիս` եթե քաղաքացիները վիճարկել են քաղաքապետի որոշումը առաջին ատյանի դատարան, որ քաղաքապետարանը ճիշտ չէ, ապա ի՞նչ կարող եմ ասել: Անձամբ ծանոթ չեմ որոշմանը եւ այլ բան չեմ կարող ասել»:
Հավելենք, որ դեռեւս 2016 թվականին` Մկրտումյանի մասով առաջին որոշումից հետո, այն ժամանակ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը նախ անցանկալի էր որակել դատավորների մասով նման որոշումները, ապա նշել, որ դատարանները վերափոխեման կարիք ունեն: Փաստորեն, արդեն քանի տարի է` բոլորն այդ են ասում, բայց մինչեւ հիմա ոչինչ չի ստացվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Հրամանատարը զինվորներին հարկադրել է քվեարկել ԲՀԿ–ականի օգտին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումն...
Սանավիացիան գիշերով չի թռչում․ լուրջ վնասվածքներով քաղաքացուն մերժել են տեղափոխել հիվանդանոց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ ՀՀ մարզերից մեկում քաղաքացին լուրջ վնասվածք է ստացել, իսկ երբ հարազատները...
Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժ...
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: ...