«Մայր Հայաստան»-ի ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում հակառակ ղեկավարի հայտարարության. «Ժողովուրդ»
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Արշակ Սարգսյանը, Մեսրոպ Մանուկյանը և Արմենակ Դանիելյանը շարունակում են մնալ խմբակցության կազմում, թեև 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել են ոչ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ձևավորված «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակում, այլ «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը մայիսի 7-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
«Մայր Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։
Ավագանու այն անդամները, ովքեր «Մայր Հայաստան» դաշինքով են մանդատ ստացել և դարձել համանուն խմբակցության անդամ, սակայն ԱԺ ընտրություններին մասնակցում են այլ ձևաչափով, այլ քաղաքական ուժի ցուցակով կամ շարքերում, չեն ներկայացնում «Մայր Հայաստանին» և այլևս որևէ կապ չունեն մեզ հետ»։
Նշենք, որ Արշակ Սարգսյանը, Մեսրոպ Մանուկյանը, Արմենակ Դանիելյանը և Սամվել Հակոբյանը, լինելով «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչներ, ԱԺ ընտրություններին մասնակցել են «Հայաստան» դաշինքի կազմում։ Նրանցից միայն Սամվել Հակոբյանն է վայր դրել ավագանու մանդատն ու դուրս եկել խմբակցությունից, մինչդեռ մյուս երեքը շարունակում են գործունեությունը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունում։
Արդյոք այս հանգամանքը նշանակում է, որ Արշակ Սարգսյանը, Մեսրոպ Մանուկյանը և Արմենակ Դանիելյանն այլևս չեն համարվում «Մայր Հայաստան»-ի անդամներ, օրաթերթը հետաքրքրվել է խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանից։ Վերջինս հերքել է տեղեկությունները, սակայն հավելյալ պարզաբանում չի ներկայացրել։
Մանրամասները` սկզբնաղբյուրում: