Պակիստանը կմիջնորդի ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում
Պակիստանի ղեկավարությունը, ինչպես սպասվում է, կարող է այցելել Շվեյցարիա՝ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև նախատեսվող բանակցություններին, հաղորդում է Samaa TV հեռուստաալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ այցին կարող են մասնակցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և պաշտպանության ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը։
Ակնկալվում է, որ բանակցությունները կանցկացվեն Շվեյցարիայում։ Հաղորդվում է, որ Պակիստանի վարչապետի այցը կախված կլինի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Շվեյցարիա կատարելիք այցից։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Պակիստանի վարչապետի այցը Շվեյցարիա չեղարկվել է։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցությունների նոր փուլը նախատեսվում է անցկացնել հունիսի 21-ին՝ շվեյցարական Բյուրգենշտոկում։ Քննարկումների ընթացքում նախատեսվում է անդրադառնալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո գրանցված առաջընթացին և գնահատել դրա իրականացման ընթացքը։
Պակիստանի ԱԳՆ տվյալներով՝ տեխնիկական բանակցությունները կանցկացվեն կողմերի պատվիրակությունների մակարդակով և միտված կլինեն ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի գնահատմանը։
Հաղորդվում է, որ Պակիստանը հանդիպմանը կներկայացնեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Իրանական պատվիրակության կազմում կլինեն խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի միջազգային հարցերով փոխքարտուղար Ալի Բաղերին, Իրանի կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին, Իրանի ազգային նավթային ընկերության ղեկավար Համիդ Բորդը, ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային և այլ պաշտոնյաներ։
Նշվում է, որ իրանական կողմի գլխավոր թեմաներից մեկը լինելու են Իսրայելի հարվածները Լիբանանին, որոնք, Թեհրանի պնդմամբ, հակասում են փոխըմբռնման հուշագրի դրույթներին։