Ռուսաստանից սենսացիոն հայտարարություն՝ Երևանում ԵՄ պատվիրակությունների հաճախակի այցերի հետ կապված
«Ռիա նովոստի» պարբերականը գրում է․
«Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին փորձագիտական դաշտում ակտիվորեն քննարկվում է գործող իշխանության արտաքին քաղաքականության ազդեցությունը ընտրազանգվածի վրա։ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի վարիչ Դմիտրի Սիդորովի դիտարկմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանը ներկայացնել եվրոպական ուղղությամբ արձանագրված արդյունքները, ինչը պայմանավորված է քաղաքական վարկանիշների անկմամբ։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններով երկրի քաղաքացիները հինգ տարի ժամկետով կձևավորեն նոր խորհրդարան։
Գործող իշխանության դիրքերի թուլացման մասին են վկայում նաև սոցիոլոգիական հարցումները։ Մասնավորապես՝ ընդդիմադիր ուժերի ընդհանուր վարկանիշը գերազանցում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցանիշներին։ Ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով՝ եվրոպական պատվիրակությունների հաճախակի այցելությունները դեռևս շոշափելի դրական արդյունքներ չեն արձանագրել երկրի համար։
Արտաքին վեկտորի փոփոխության իրավական հիմքերը դրվել են 2025 թվականի գարնանը, երբ Հայաստանում ընդունվեց Եվրոպական միությանն անդամակցելու մտադրության մասին օրենքը, թեև կառույցի կողմից պաշտոնական առաջարկ չի եղել։ Կառավարության ղեկավարն ավելի վաղ նշել էր, որ Երևանը գիտակցում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միաժամանակյա անդամակցության անհամատեղելիությունը, սակայն փորձելու է հնարավորության սահմաններում համադրել երկու օրակարգերը։
Այս հարցը քննարկման առարկա է դարձել նաև ԵԱՏՄ գագաթնաժողովում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կառույցների միջև հստակ ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին։ Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդների ընդունած համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցը պետք է լուծվի համաժողովրդական ռեֆերենդումի միջոցով»,- ասվում է հոդվածում։