Փաշինյանն ընտրություններից հետո կփախչի Հայաստանից․ Ռոբերտ Քոչարյան
Չեմ կարծում, թե նրանք, ում մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, կփախչեն Հայաստանից. այդ մարդիկ նման քայլի չեն դիմի, իսկ ահա ինքը հաստատ կփախչի, չեմ կասկածում։ Այս մասին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով գլխավորում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նա հավելել է, որ եթե Հայաստանից փախչելու մտադրություն ունենար, ապա վաղուց դա արած կլիներ։ Քոչարյանը պարզաբանել է, որ Փաշինյանը ենթագիտակցորեն բարձրաձայնում է սեփական վախերը և փորձում է դրանք պրոյեկտել ուրիշների վրա։
«Փախել է հենց ի՛նքը՝ և՛ 2008 թվականի մարտի 1-ին, և՛ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, երբ երկու շաբաթ անցկացրեց բունկերում։ Մարդն իր էությամբ այդպիսին է։ Ուր էլ փախչի, մենք նրան հետ կբերենք։ Նա կարող է իրեն հանգիստ զգալ միայն այն դեպքում, եթե փախչի Թուրքիա կամ Ադրբեջան։ Ընտրություններից և իշխանության փոխանցումից հետո ընկած ժամանակահատվածը նրան ճողոպրելու հնարավորություն է տալիս, նա դրա վարպետն է, և այստեղ մրցակիցներ չունի»,- նշել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Նա աբսուրդային է անվանել այն, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական է համարել սպանելու մտադրության մասին Փաշինյանի հայտարարությունները։ «Ես պատկերացնում եմ, թե ինչ կլիներ, եթե նման հայտարարություն անեի ես կամ իմ համախոհները։ Այդ դեպքում ինչո՞ւ են բանտում պահում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին»,- հարցադրում է արել Քոչարյանը։
Ինչ վերաբերում է այն դժգոհություններին, թե այս կամ այն հայերը չեն զոհվել 2020 թվականի պատերազմի ժամանակ, ապա Փաշինյանը, նախկին նախագահի խոսքով, պետք է պատասխանի այն հարցին, թե ինչու ինքն ու իր համախոհները չզոհվեցին, երբ հանձնեց Հայաստանի տարածքի 200 քառակուսի կիլոմետրը։