Փաշինյանից նոր հայտարարություն․ օգոստոսի 8-ի վերաբերյալ փակագծեր են բացվում
Օգոստոսի 8-ը օդից չի ընկել, Ստամբուլ էի գնացել, Ադրբեջանի հետ բանակցություններ էի վարել: Այս մասին Կոտայքում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Տարիներ առաջ, երբ մենք ոչ Ադրբեջանի հետ էինք խոսում, ոչ Թուրքիայի, երբ մեզ պետք էր Ադրբեջանին ինչ-որ բան ասել, մենք 3-րդ երկրի միջոցով էինք խաբար ուղարկում, և 3-րդ երկրի միջոցով էլ պատասխան էինք ստանում, ու որոշ ժամանակ անց զգում էինք, որ ինչ-որ բան այն չէ, հետո հասկացանք, որ ոչ մեր ուղարկած խաբարն է ճիշտ գնում ու տեղ հասնում, ոչ էլ իրենց տված պատասխանն է մեզ գալիս, ճիշտ տեղ հասնում: Կան նրբություններ, որ անընդհատ պրոցեսի մեջ լինող մարդը գիտի, բայց ով 5 րոպե առաջ է եկել, ինքը չի հասկանում նրբությունները և ուղերձները փոխանցելիս ծռված, թեքված, դեֆորմացված է ուղարկում։
Հետևաբար, մենք որոշել ենք, որ պետք է մեր միջավայրում կարողանանք ինքնուրույն ապրել, մեր հարցերը մաքսիմալ ինքնուրույն լուծել, և դա չի նշանակում, որ մենք սահման ենք դնում ու մեկուսանում ենք միջազգային հանրությունից։ Ի վերջո խաղաղությունը հաստատվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ, բայց դա հնարավոր դարձավ մի պատճառով՝ 2025 թվականի մարտի վերջին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունները խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ, այսինքն՝ մենք արդեն համաձայնեցված տեքստ ունեինք, որը պատրաստ էր ստորագրման։
Դրանից հետո տեղի է ունեցել իմ առաջին աշխատանքային այցը Թուրքիա, ես գնացել եմ Ստամբուլ և խոսել եմ մեր ռազմավարությունների մասին, դրանից հետո հուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում, տեղի է ունեցել Ադրբեջանի հետ մեր երկկողմ հանդիպումը: Օգոստոսի 8-ը օդից չի ընկել, այն մեր երկկողմ աշխատանքի եզրափակումն է՝ իհարկե, նախագահ Թրամփի անմիջական մասնակցությունը շատ մեծ և էական դեր ուներ»,- նշել է Փաշինյանը: