10:00 Լուրերը մեկ տողով. Ուժեղացված ծառայություն դպրոցներում. ՊՆ-ի հրատապ իրազեկումը. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Գազի սակագնի հավանական թանկացում. Կառավարությունում օրակարգ է բերվել կապույտ վառելիքի գնի վերանայման հարցը, և մատակարար ընկերությունն առաջիկայում կարող է համապատասխան հայտ ներկայացնել կարգավորող հանձնաժողով։ Թեև պաշտոնական մակարդակով հայտարարություն դեռ չկա, սակայն սպասվում է սակագնի բարձրացում:
•ԵԱՏՄ անդամակցության հնարավոր սառեցում. Աստանայում կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը: Այս պահին առկա է տրամադրվածություն սառեցնելու երկրի անդամակցությունը՝ մինչև իշխանությունները հստակեցնեն իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումը:
•Կալանավորումներ քարոզարշավը խոչընդոտելու գործով. Լոռու մարզում իշխող կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը տապալելու համար իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել: Դեպքի առթիվ արդեն իսկ կա վեց կալանավորված և վեց տնային կալանքի տակ գտնվող անձ։
•Ուժեղացված ոստիկանական ծառայություն դպրոցներում. ՆԳՆ-ն հանրապետության կրթօջախներում և ժամանցի վայրերում լրացուցիչ անվտանգային մեխանիզմներ կկիրառի «Վերջին զանգի» միջոցառումների կապակցությամբ։ Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հատուկ հսկողություն կիրականացնեն և անզիջում կլինեն ոչ սթափ վարորդների նկատմամբ:
•Դոնալդ Թրամփի հավակնոտ հայտարարությունը. ԱՄՆ ղեկավարն ակնարկել է, որ ցանկանում է պահպանել նախագահի պաշտոնը մինչև 2032 թվականը: Ըստ գործող օրենսդրության՝ նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը պետք է ավարտվի 2029 թվականի հունվարին։
•Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններ. Թեհրանն ու Վաշինգտոնը միջնորդի միջոցով շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը հակամարտության կարգավորման շուրջ: Մտքերի փոխանակումը տեղի է ունենում Իրանի ներկայացրած նոր՝ 14 կետից բաղկացած առաջարկի հիման վրա։
•Ուսումնական կրակոցներ Երևանում և Լուսակերտում. Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջիկա զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում թնդանոթներից հրաձգություն է իրականացվելու։ Գերատեսչությունը հորդորում է բնակչությանը խուճապի չմատնվել և ի գիտություն ընդունել պլանավորված կրակոցները։