Հասարակություն Կարևոր

Նոր մանրամասներ «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի աղմկահարույց սպանությունից

Mariam Z.
Նոր մանրամասներ «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի աղմկահարույց սպանությունից

Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հետևում կանգնած են եղել Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) և ռազմական հետախուզության աշխատակիցների թվից չպարզված անձինք, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։


«Քննությամբ պարզվել է, որ ոչ ուշ, քան 2024 թվականի մարտին, Ուկրաինայի ՈՒԱԾ-ի և պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցների թվից չպարզված անձինք Մոսկվայի տարածքում ահաբեկչական ակտ իրականացնելու ծրագիր են մշակել։ Որպես թիրախ է ընտրվել հասարակական գործիչ Արմեն Սարգսյանը, ով հանդես էր գալիս 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ հանցագործությունը կատարելու համար ձևավորվել է խումբ, որի մեջ մտել են Վարաժ Մանուկյանը, Պարույր Մաթևոսյանը և այլ անձինք։ Հանցակիցները հետևել են տուժողին, ուսումնասիրել նրա երթուղիներն ու պահպանությունը, ինչպես նաև տեսանկարահանումներ իրականացրել։


Մանուկյանն ապահովել է ՄՕՆ-50 ականի և այլ բաղադրիչների հիման վրա պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարքի փոխադրումն ու պահպանումը։ 2025 թվականի փետրվարի 3-ին Մաթևոսյանը հայտնել է տուժողի մոտենալու մասին, որից հետո հանցակիցը հեռակառավարմամբ գործի է դրել պայթուցիկ սարքը։


«Պայթյունի հետևանքով Արմեն Սարգսյանը և հանցագործության կատարող Պարույր Մաթևոսյանը տեղում մահացել են։ Առողջությանը ծանր վնաս է հասցվել երկու տուժողի, ևս մեկին՝ միջին ծանրության վնաս։ Բացի այդ, զգալի գույքային վնաս է հասցվել բնակելի համալիրի կառավարող ընկերությանը»,- հավելել են Քննչական կոմիտեում։


2025 թվականի փետրվարի 3-ի առավոտյան Ավիացիոն փողոցի «Ալիե պարուսա» բնակելի համալիրում գործի է դրվել պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել բարձրահարկ շենքի վերելակային սրահում։ Սկզբնապես հաղորդվում էր մեկ զոհի մասին, ևս չորսին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոցներ։ Ինչպես հետագայում հստակեցրել է Ռուսաստանի ՔԿ Մոսկվայի գլխավոր վարչությունը, տուժածներից մեկը մահացել է բժշկական հաստատությունում։ Նա Դոնբասի կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանն էր։ Վարկածներից մեկի համաձայն՝ պայթյունը կարող էր իրականացնել մահապարտը։


Հարուցվել է քրեական գործ «Հանցագործության նախապատրաստում և հանցափորձ», «Սպանություն» և «Պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառություն» հոդվածներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250