Շենգենյան վիզաների մերժումները նվազել են․ Հայաստանը գնահատական է ստացել
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին է ներկայացրել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը։
2026 թվականի մայիսի 5-ին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին փոխանցել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։ ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փաստաթուղթն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։
Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես սկսվել է 2024 թվականի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը փոխանցվել է 2025 թվականի նոյեմբերին: Այն ենթադրում է 74 հենանիշի կատարում, որոնք իրականացվում են երկու փուլով․ համապատասխան օրենսդրական ու քաղաքականության շրջանակի ձևավորում և դրանց գործնական կիրառության ապահովում։
Առաջին զեկույցը գնահատում է առաջընթացը հենանիշերի առաջին խմբի ուղղությամբ՝ կենտրոնանալով չորս ոլորտների օրենսդրական և քաղաքական շրջանակի վրա՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում, հասարակական կարգ ու անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ: ԵՄ-ն բարձր է գնահատում այն փաստը, որ կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրել է պահանջվող փոփոխությունների զգալի մասը։
Զեկույցում նշված են չորս հիմնական ուղղություններով ձեռնարկված քայլերը.
- Փաստաթղթերի անվտանգություն. 2025 թվականի հուլիսին ընդունվել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքը՝ միասնական էլեկտրոնային ռեգիստրի ստեղծման համար։ Կնքվել է պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր կենսաչափական համակարգի արդիականացման նպատակով՝ ապահովելով ICAO-ի բարձր չափանիշները
- Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում. Մշակվում է Սահմանների համալիր կառավարման (IBM) 2026-2029 թվականների ռազմավարությունը։ Թվայնացվել են վարչարարական ծառայություններ, իսկ 2026-ի հունվարից կգործարկվի Քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգը։ Ամրապնդվում է հետընդունման (readmission) ոլորտում համագործակցությունը:
- Հասարակական կարգ և անվտանգություն. 2018-ից հետո ուժեղացվել է հակակոռուպցիոն համակարգը։ Մեկնարկել է «Հանցավորության կանխարգելման 2026-2033 թթ․ ռազմավարության» մշակումը։ ՆԳՆ-ում ձևավորվել է Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը։ 2026-ին կընդունվի թրաֆիքինգի դեմ պայքարի նոր ԳԾ-ն։ Դրական է գնահատվել նաև անձնական տվյալների պաշտպանության անկախ մարմնի ստեղծումը։
- Հիմնարար իրավունքներ. Մշակվում է «Խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը։ 2025-ին ընդունվել է երեխաների իրավունքների վերաբերյալ նոր օրենսդրություն։
Հանձնաժողովը շեշտում է, որ գնահատումը կատարվում է արդյունքահեն մոտեցմամբ և կարևորում է բոլոր հենանիշերի հետևողական իրականացումը։ Զեկույցը ներառում է նաև ռեկոմենդացիաներ բացերը լրացնելու համար։
Ըստ զեկույցի՝ ՀՀ քաղաքացիներին տրամադրված Շենգենյան վիզաների թիվը 2019-ի 51,000-ից 2024-ին հասել է 86,300-ի, իսկ բազմակի մուտքի արտոնագրերի կշիռը կազմում է 43.5%: Վիզաների մերժման մակարդակը նվազել է։
Վիզաների ազատականացման երկխոսությունը կշարունակվի մինչև բոլոր հենանիշերի լիարժեք կատարումը։ Հանձնաժողովը կշարունակի մոնիտորինգը ԵՄ փորձագետների աջակցությամբ, իսկ առաջիկայում կկազմակերպվեն գնահատման նոր առաքելություններ։ ԵՄ-ն կշարունակի աջակցել բարեփոխումներին «Դիմակայունության և աճի» ծրագրի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...