«51-րդ նահանգ»․ Թրամփի հրապարակումը միջազգային սկանդալ է առաջացրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակի իր էջում տեղադրել է ուշագրավ պատկեր, որտեղ Հարավային Ամերիկայի հյուսիսային մասի քարտեզի վրա Վենեսուելան ներկված է ամերիկյան դրոշի գույներով։ Լուսանկարը կրում է «51-րդ նահանգ» գրությունը, ինչը միջազգային մամուլում արդեն լայն քննարկումների տեղիք է տվել՝ որպես Վենեսուելան ԱՄՆ կազմում ներառելու հնարավոր մտադրության ակնարկ։
Սա նախագահ Թրամփի առաջին նմանօրինակ հրապարակային անդրադարձը չէ հարավամերիկյան այդ պետությանը։ Ավելի վաղ նա նմանատիպ ակնարկ էր արել Վենեսուելայի բեյսբոլի հավաքականին շնորհավորելիս՝ թիմի հաղթանակն Իտալիայի նկատմամբ պայմանավորելով Կարակասի ու Վաշինգտոնի միջև առկա գործակցությամբ։
Վաշինգտոնի և Կարակասի հարաբերությունները վերջին շրջանում գտնվում են բարդ փուլում։ Դիվանագիտական կապերի վերականգնման գործընթացն ընթանում է հունվարյան իրադարձությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ն ավիահարված էր հասցրել Կարակասին՝ նպատակ ունենալով ձերբակալել Նիկոլաս Մադուրոյին։ Միաժամանակ, Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել էր վենեսուելական նավթային պաշարների նկատմամբ վերահսկողություն սահմանելու իր ծրագրերի մասին։