Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի թիրախում Զելենսկու պատճառով
Երևանը կարծես ուշադրություն չի դարձրել Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի ընթացքում Մոսկվայի հասցեին հնչեցրած զզվելի հայտարարություններին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Իհարկե, Մոսկվայում արձանագրել են Բրյուսելի կողմից ակնհայտորեն ներշնչված Վլադիմիր Զելենսկու այցը Երևան, ինչպես նաև նրա զզվելի հակառուսական հայտարարությունները, որոնք ընդունող հայկական կողմը ջանասիրաբար անտեսում էր դրանք», — նշել է դիվանագետը:
Կալուգինի խոսքով՝ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան–ԵՄ գագաթնաժողովների անցկացումը տեղավորվում է հայկական բնակչության համար գայթակղիչ եվրոպական «միրաժ» ստեղծելու տրամաբանության մեջ, հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ:
«ԵՄ-ից Հայաստան ուղղվող «հնարավոր ներդրումների» €2.5 միլիարդ գումարը հենց այն նույն գումարն է, որը ԵՄ-ն խոստացել էր դեռ մի քանի տարի առաջ, բայց այս ամբողջ ընթացքում այդպես էլ չի կարողացել գտնել», — ուշադրություն է հրավիրել վարչության ղեկավարը:
«Այսինքն՝ եվրոպացիները փորձում են «վաճառել» այն, ինչ գոյություն չունի, այն էլ ոչ առաջին անգամ։ Շլացուցիչ «փայլի» հետևում աննկատ մնաց նաև այն, որ հայտարարության մեջ նշվում է Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը՝ այն դեպքում, երբ դա հանրապետության էներգամատակարարման հենասյուներից մեկն է», — հավելել է դիվանագետը։
Կալուգինի խոսքով՝ այս ամենը միայն հաստատում է, որ եվրոպացիների՝ իրենց ասած «հավասար գործընկերների» նկատմամբ ցուցաբերվող մոլուցքային ուշադրության հետևում բացառապես օգտապաշտ մոտեցում է կանգնած, որի մասին բազմիցս խոսվել է։
«Բրյուսելում նույնիսկ չեն մտածել Հայաստանի շահերի մասին, որը մինչև վերջերս ձգտում էր ուկրաինական ճգնաժամի հարցում պահպանել հավասարահեռ դիրքորոշում։ Եվրոպացիները հանրապետություն բերեցին իրենց ռուսատյաց օրակարգը և՝ կամա թե ակամա — դրան «կցեցին» Երևանին։ Ըստ էության, օգտագործեցին երկիրը որպես հարմար հարթակ իրենց քաղաքական նախագծերի համար», — եզրափակել է վարչության ղեկավարը։