ԱՄՆ-ն կրկին կհարվածի՞ Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը դժգոհ է Թեհրանի՝ պատերազմի դադարեցման վերաբերյալ բանակցություններից։ Սպիտակ տան ղեկավարի որոշ օգնականներ նշել են, որ այժմ նա ավելի վճռական է տրամադրված, քան վերջին շաբաթներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդը «կորցնում է համբերությունը» Հորմուզի նեղուցի շարունակվող փակման, ինչպես նաև Իրանի ղեկավարության ներսում առկա պառակտման պատճառով, որը, նրա կարծիքով, խոչընդոտում է միջուկային բանակցություններում զիջումների գնալուն։ Աղբյուրի խոսքով՝ Թեհրանի վերջին առաջարկը, որը Թրամփը անվանել է «ամբողջովին անընդունելի» և «հիմար», Սպիտակ տանը կասկածներ է առաջացրել, թե արդյոք իրանցիները պատրա՞ստ են լուրջ բանակցային դիրք զբաղեցնել։
Աղբյուրները նշել են, որ Թրամփի վարչակազմում գոյություն ունեն տարբեր ճամբարներ։ Մասնավորապես, Պենտագոնում կողմ են Իրանի նկատմամբ ավելի ագրեսիվ մոտեցման: Մյուսները, ըստ աղբյուրների, շարունակում են պնդել, որ պետք է դիվանագիտությանը հնարավորություն տալ։
Բացի այդ,ԱՄՆ նախագահի շրջապատից շատերը ցանկանում են, որպեսզի պակիստանցի միջնորդները շատ ավելի ուղիղ և կոշտ լինեն իրանցիների հետ շփումներում։ Որոշ պաշտոնյաներ կասկածում են, թե արդյոք պակիստանցիները Թեհրանին փոխանցում են ԱՄՆ նախագահի դժգոհությունը բանակցությունների ընթացքից նույն տոնով, ինչպես ինքն է դա արտահայտում։ Երկու աղբյուրների համաձայն՝ որոշ մարդիկ նաև կարծում են, որ Պակիստանը հաճախ ԱՄՆ-ին ներկայացնում է Իրանի դիրքորոշման «ավելի դրական տարբերակը», քան այն իրականում կա։