Քաղաքականություն

Գյուղացին տունը նստած հո ֆոկուս չի անելու, որ փողերը գան. Գագիկ Ծառուկյան

Mariam Z.
Գյուղացին տունը նստած հո ֆոկուս չի անելու, որ փողերը գան. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հերթական հանդիպումն է ունեցել Արարատի մարզի Նորակերտ համայնքում։ Թեև այցը նախապես ծրագրված չէր, սակայն այն կայացել է բնակիչների ցանկությամբ։ Հանդիպումն անցել է անմիջական մթնոլորտում և վերածվել բաց երկխոսության։ Ծառուկյանը վերահաստատել է իր մոտեցումը՝ անձամբ շրջել բնակավայրերով, լսել մարդկանց մտահոգություններն ու պատասխանել հարցերին։


«Իմ նպատակն է գյուղեգյուղ գնալ, ժողովրդի հետ խոսել, մարդկանց աչքերի մեջ նայելով՝ իմ խոսքն ասել։ Բոլորն ուզում են լավ ապրել, ուզում են խաղաղություն լինի, տնտեսական զարգացում լինի, իրենց երեխաների ապագան ապահով լինի։ Ամեն մեկն ուզում է իր տունը լավ պահել»,- նշել է ԲՀԿ առաջնորդը։


Քննարկման առանցքային թեմաներից են եղել անվտանգությունն ու սահմանների ամրապնդումը։ Բնակիչները հայտնել են խաղաղ աշխատելու իրենց ցանկության մասին, ինչին ի պատասխան Ծառուկյանը շեշտել է պատերազմի վտանգը բացառելու և տնտեսությանը միտված քայլերի կարևորությունը։ Նա մասնավորապես ասել է. «Ոչ ոք կռիվ չի ուզում։ Մենք կռվի դուռը պետք է փակենք, ամուր փակենք, որ դրա մասին չմտածենք»։


Անդրադառնալով սահմանային ծառայությանը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ առաջնագծում պետք է լինեն փորձառու պայմանագրայիններ, այլ ոչ թե 18 տարեկան զինծառայողներ։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ունենալ պատրաստված մասնագետներ, որոնք պարբերաբար կանցնեն ստուգումներ։


Գյուղատնտեսության ոլորտում բնակիչները բարձրաձայնել են պարարտանյութի թանկացման (մինչև 13 հազար դրամ) և վարկային ծանր բեռի մասին։ ԲՀԿ առաջնորդն առաջարկել է պետական աջակցության տարբերակ՝ ըստ մշակվող հողատարածքի չափի տրամադրել անտոկոս միջոցներ։ «Գյուղացին տունը նստած հո ֆոկուս չի անելու, որ փողերը գան։ Պետք է հնարավորություն տալ, որ մարդը ստեղծի բերք ու բարիք։ Հողի չափով պետք է տրամադրել 0 տոկոսով գումար, որպեսզի գյուղացին կարողանա աշխատել»,- նշել է նա։


Հանդիպմանը քննարկվել են նաև սոցիալական հարցեր և թմրամոլության տարածման դեմ պայքարը։ Ծառուկյանը շեշտել է առողջ երիտասարդություն ունենալու պետական և հասարակական պատասխանատվությունը։ Բնակիչները երախտագիտություն են հայտնել քաղաքական գործչին այցի համար՝ նշելով, որ տասնամյակներ շարունակ իրենց գյուղ նման մակարդակի այցելություն չէր եղել։


Այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հուշակոթողին։ Հանդիպումն ավարտվել է բնակիչների հետ լուսանկարվելով և երկրի ապագայի շուրջ զրույցներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250