Պատժամիջոցներ Լուկաշենկոյի որդիների նկատմամբ
Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որով ուժի մեջ է մտնում Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) որոշումը։ Այն սահմանում է պատժամիջոցներ բելառուսական այն ընկերությունների նկատմամբ, որոնք աջակցում են Ռուսաստանի զինված ագրեսիային, ինչպես նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի մտերիմ անձանց դեմ։ Այս մասին ապրիլի 29-ին տեղեկացրել է Նախագահի գրասենյակի կայքը։
Ուկրաինայի պետության ղեկավարը հայտարարել է. «Այժմ ես արդեն ստորագրել եմ Ուկրաինայի պատժամիջոցների նոր փաթեթը՝ կշռադատված փաթեթ, այդ թվում՝ Բելառուսի սուբյեկտների նկատմամբ։ Սա ազդակ է մեր բազմաթիվ գործընկերներին այն մասին, թե ինչի վրա արժե ճնշում գործադրել, որպեսզի այնուամենայնիվ նվազեցվի այս պատերազմի մակարդակը, դրա ինտենսիվությունը։ Ռուսաստանը բարի կամք չունի, նրան պետք է ստիպել այս կամ այն քայլերին, որոնք անհրաժեշտ են ագրեսիան նվազեցնելու համար, և թող նրանք հետո դա անվանեն իրենց «բարի կամքի դրսևորումներ»։ Պետք է, որ Բելառուսը չներքաշվի պատերազմի մեջ։ Պետք է, որ չլինեն գործողություններ եվրոպական այլ երկրների դեմ։ Պետք է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի այս պատերազմում լինի արժանապատիվ խաղաղություն։ Շնորհակալություն բոլորին, ովքեր մարտնչում և աշխատում են, որպեսզի Ուկրաինան ունենա հենց այդպիսի ապագա»։
Ըստ Նախագահի գրասենյակի տվյալների՝ սահմանափակումների ցանկում ընդգրկվել են 11 իրավաբանական անձ և Բելառուսի 16 քաղաքացի։
Մասնավորապես, պատժամիջոցներ են կիրառվել այն գործարանների դեմ, որոնք ռուսական կողմի համար արտադրում են 122 մմ և 152 մմ տրամաչափի հրետանային արկեր։ «Դրանց թվում են՝ Օլսան, Մինսկի Տերմոպլաստ գործարանը, Ծանր դրոշմման դարբնոցային գործարանը, որոնք պատրաստում են դետալներ արկերի համար։ Նաև պատժամիջոցների տակ են հայտնվել ԻԿ-9 հանրապետական ունիտար արտադրական ձեռնարկությունը, որը պատրաստում է փաթեթավորում արկերի համար, և ՆեֆտեԽիմԴիագնոստիկան, որտեղ փորձարկվում են զինամթերքները»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Սահմանափակումներ են մտցվել նաև Վիտեբսկի էլեկտրաչափիչ սարքերի գործարանի նկատմամբ, որը սարքավորումներ է տրամադրում ՌԴ զրահատանկային տեխնիկայի նորոգման ու արդիականացման համար, ինչպես նաև «Ռադիոտեխնիկա» ձեռնարկության դեմ, որը բաղադրիչներ է պատրաստում ռազմական տեխնիկայի համար։
Բացի այդ, Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել այն գործարանի նկատմամբ, որն իրականացնում է ռուսական ինքնաթիռների, այդ թվում՝ Տու, Յակ և Իլ մոդելների վերանորոգումը։
Ֆիզիկական անձանց թվում է Լուկաշենկոյի մերձավոր զինակից Վիկտոր Շեյմանը, ով Բելառուսում երկար տարիներ զբաղեցրել է բարձր պաշտոններ։ Նախագահի գրասենյակից հայտնել են. «Նա կատարում է ինքնահռչակ նախագահի հանձնարարականները, վարում է միջպետական բանակցություններ և հաստատում ստվերային հարաբերություններ բիզնեսում։ Մասնակից է «մահվան էսկադրոնների» կազմակերպմանը, որոնք ոչնչացնում էին ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ակտիվիստներին և հասարակական գործիչներին»։
Պատժամիջոցների ցանկում են ներառվել նաև բելառուսական առաջնորդի որդիները՝ Վիկտոր և Դմիտրի Լուկաշենկոները։ Ուկրաինացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ նրանք ներգրավված են միջազգային պատժամիջոցների շրջանցմամբ ապրանքների արտահանման, երկակի նշանակության արտադրանքի մատակարարման և Բելառուսի տարածքով վերաարտահանման գործընթացներում։