Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Օնիկ Գասպարյանի հայտարարությանը
44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել թեմային վերաբերող բոլոր հարցերին՝ «պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Առաջին բանը, որ զարմացրեց, այն է, որ պատերազմի ծանր թեման 6 տարի շրջանառվում է, և հենց հիմա է դա սկսել անհանգստացնել Գասպարյանին։
Ինչու՞ ԳՇ նախկին պետը չէր անհանգստանում, երբ իշխող ռեժիմը զրպարտում, վիրավորում և վարկաբեկում էր իր հրամանով մարտի գնացած զինծառայողներին։
Ի՞նչ էր զգում գեներալական ճանապարհ անցած մարդը, երբ Եռաբլուրում քաշքշում ու բռնության էին ենթարկվում իր նահատակված զինվորների ծնողները։
Ինչու՞ Օնիկ Գասպարյանը հուզական հայտարարություններ չէր անում, երբ ադրբեջանցիները 2021–23 թթ.-ին ներխուժում և օկուպացնում էին ՀՀ ինքնիշխան տարածքները։
Ինչու՞ էր Գասպարյանը լուռ, երբ 2023 թվականին ադրբեջանցիները ագրեսիա նախաձեռնեցին շրջափակման մեջ գտնվող Արցախի դեմ, իսկ հետո՝ բռնազավթեցին այն։
Ինչու՞ է Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում։
Եթե, այնուամենայնիվ, որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել։
Ձեր ասելիքը պետք է լինի հրապարակային, իսկ հանդիպումների ու շփումների ձևաչափը շահագրգիռ մարդկանց և խմբերի հետ պետք է կայացվի փոխհամաձայնեցված։
Որևէ մեկս դատավոր չենք, ոչ էլ զերծ սխալներից, սակայն երբեք ավելորդ չէ դրանց համար ներողություն խնդրելը և ճիշտ ճանապարհով շարժվելը։
Իսկ յուրաքանչյուրի իրավական, քաղաքական, բարոյական պատասխանատվության չափը կարող է օբյեկտիվորեն որոշվել այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ կձևավորվեն՝ առնվազն իշխանափոխությունից հետո»,- գրել է նա:
Հիշեցնենք` ԶՈւ ԳՇ նախկին պետի Օնիկ Գասպարյանը գրառում էր կատարել. «Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։
Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային և պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց»: