Պահանջում ենք գաղտնալսումների հիմքերը. Բագրատ Սրբազանի փաստաբան
Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանում պահանջել է ներկայացնել տվյալներ այն մասին, թե ինչ իրավական հիմքով են իրականացվել Բագրատ Սրբազանի և մյուս անձանց գաղտնալսումները։
Հովհաննես Խուդոյանը համապատասխան միջնորդությունը ներկայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող դատական նիստում։ Փաստաբանի արձանագրմամբ՝ գործն ամբողջությամբ ապօրինի է։ Նա շեշտել է, որ եթե իրավապահ մարմինները չեն ունեցել վարույթ սկսելու և անձանց գաղտնալսելու իրավական հիմքեր, ապա դրան հաջորդած բոլոր գործողություններն էլ ապօրինի են։
«Շատ պարզ հարց ենք բարձրացնում՝ արդյո՞ք գործի նախաձեռնումը եղել է օրինական։ Ինձ համար անհասկանալի է հանրային մեղադրողի այն դիրքորոշումը, թե պետք է նախ ապացույցները հետազոտել, ապա վերջում անդրադառնալ հիմքերին։ Բնականաբար, եթե իրավապահ մարմինները դատարանին չեն ներկայացնում համապատասխան տվյալներ, դրանց բացակայության պայմաններում գործի քննությունն ընդհանրապես դառնում է անիմաստ, և որևէ ապացույց չի կարող հետազոտվել։
Դատարանի, հանրային մեղադրողի և պաշտպանների աշխատաժամանակը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, ուղղակիորեն կախված են այն հանգամանքից՝ արդյո՞ք այս գործը կարող է շարունակվել։ Իսկ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումը հստակ է՝ տվյալները բավարար են եղել, թե ոչ։ Իրավական տեսանկյունից հանրային մեղադրողների մոտեցումն անհասկանալի է, իսկ քաղաքական հետապնդման տեսանկյունից՝ լիովին հասկանալի»,- նշել է Խուդոյանը։