Համոզմունք ունեմ, որ Արշակ Սրբազանի կալանքը կերկարացվի․ փաստաբան
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքում գրառում է կատարել, մանրամասներ հայտնելով Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդության մասին․
«Ցերեկը, երբ գրեցի, որ վաղը նիստը պիտի լինի՝ չէի ուզում լրացուցիչ տեղեկություններ հայտնել արդեն երևացող դատարանի ընտրության որոշ խարդավանքների մասին, քանի որ մտածում էի, թե գուցե հետագայում այլ հանգամանքներ պարզեմ։
Բայց այլևս գոնե ինձ համար ամեն բան պարզ է ու կմանրամասնեմ։ Նախ հայտնեմ, որ վաղը Հ․Մանուկյանի նախագահությամբ ժամը 15։00-ի դռնփակ նիստը չի կայանալու։
Այսպես, ուրեմն քննիչը միջնորդությունը դատարան է ներկայացրել հունվարի 26-ին։ Քանի որ այդ օրվա հերթապահ դատարանը Շենգավիթի նստավայրն էր՝ քննիչի բնականաբար միջնորդությունը պետք է ներկայացներ հենց Շենգավիթի նստավայր։
Հետո ներքին աղբյուրներից պարզեցի, որ թեև հերթապահ դատարանը Շենգավիթն էր, բայց միջնորդությունն ուղարկվել է Ավանի նստավայր։ Անմիջապես մտա դատական իշխանության կայքը, որպեսզի նորից ստուգեմ հերթապահության գրաֆիկը և գիտե՞ք ինչ պարզվեց․ ամսի 26-ից Երևանում որևէ դատարան հերթապահ չի։ Այսինքն՝ պարզապես ջնջվել էր հերթապահության ցուցակից Շենգավիթի հերթապահությունը։
Դե առաջինը, որ հասկացա դա այն էր, որ ուղարկել են Ավանի նստավայր, որպեսզի ինչ անե՞ն․․․ այո, Մասիս Մելքոնյանին հանձնարարեն։ Բայց լրացուցիչ ստուգումներով պարզեցի, որ Մասիս Մելքոնյանը գտնվում է արձակուրդում։ Ուրախացա։
Այնուհետև Ավանի նստավայրի դատավոր Հ․Մանուկյանի կազմից զանգ ստացա և ինձ հայտնեցին, որ պարոն Մանուկյանը Արշակ սրբազանի կալանքի քննության նիստը նշանակել է վաղը ժամը 15։00-ին։ Էլ ավելի ուրախացա․ նախ այն պատճառով, որ Մասիս Մելքոնյանին արձակուրդից հետ չեն կանչել (դրան էլ եմ հավատում) և հետո, որ բավականին լավ դատավոր պիտի որոշում կայացնի։
Բայց ի՞նչ կատարվեց հետո՝ շատ զավեշտալի է․․․
Քիչ առաջ նորից զանգ ստացա Ավանի նստավայրից և ինձ հայտնեցին, որ Արշակ սրբազանի կալանքի գործով վերամակագրում է կատարվել։ Այսինքն՝ որոշվել է, որ Հ․Մանուկյանը չի քննելու միջնորդությունը։
Հիմա համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը․․․
Հ․Գ․ Բայց արդեն իսկապես ամոթ է։ Նույնիսկ ես եմ ամաչում ձեր փոխարեն։ Գոնե Մասիս Մելքոնյանին մի մակագրեք։ Ավանի նստավայրում էլի ունեք համապատասխան դատավորներ»։





























