Նախարարը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը
Շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին այսօր ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Այն ներկայացրել է ծրագրի գործընկեր, գերմանական gmp Architects ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, բուհերի և գիտական կազմակերպությունների ղեկավարներ, Կառավարության, միջազգային կազմակերպությունների, ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներ, ոլորտի այլ շահագրգիռ կողմեր։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը ոչ միայն բարձրագույն կրթության և գիտության նոր միջավայրի և նոր որակի հնարավորություն ստեղծող, այլև մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում նոր ստանդարտներ սահմանող ծրագիր է: Այն աշխատանքները, որ մենք իրականացնելու ենք Ակադեմիական քաղաքի իրագործման ճանապարհին, մեզ համար քաղաքաշինական, կանաչ տեխնոլոգիաների օգտագործման, շրջակա միջավայրի պահպանման, բնության հետ առնչության նոր չափանիշներ են։ Մտածված են այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք քաղաքն իսկապես կդարձնեն քաղաք մարդու համար, մարդու մասին և մարդու շուրջ կենտրոնացող»:
Թոբիաս Քեյլը նշել է, որ հատակագծի հայեցակարգի հիմքում ընկած է Երևանի կենտրոնի օղակաձև կանաչ գոտու՝ թամանյանական տեսլականը, որի տրամաբանությունը նախագծողների կողմից ներդրվել է նաև Ակադեմիական քաղաքի առանցքում՝ միավորելով կրթական, մշակութային, սպորտային և նորարարական կարևոր ենթակառուցվածքները։
Թոբիաս Քեյլն անդրադարձել է ակադմիական քաղաքի փուլային զարգացմանը, որոնցից առաջինը նախատեսվում է իրականացնել մինչև 2030 թվականը՝ մեկնարկելով տեխնոլոգիական կլաստերից, հիմնական համագործակցային միջավայր ստեղծող բաղադրիչներից՝ հանրակացարաններից և տրանսպորտային ու վարչական ենթակառուցվածքներից։ Մինչև 2034 թվականը նախատեսվում է քաղաքի ակտիվ ընդլայնման փուլը՝ կրթական, արվեստի և սպայական կլաստերների, նախադպրոցական հաստատությունների և ավագ դպրոցների գործարկմամբ, նորարարական կազմակերպությունների տեղակայմամբ, հանրային տրանսպորտի (երկաթգծի, ավտոբուսների և մետրոյի) հավելյալ լուծումների ներմուծմամբ։ 2034-ից հետո ակնկալվում է ծրագրի ամբողջականացման փուլը՝ ներառյալ խոշոր տրանսպորտային հանգույցը։
Տրանսպորտային հայեցակարգում առաջնահերթություն է տրվում հետիոտնային, հեծանվային, հանրային տրանսպորտի և ոչ ավտոմոբիլային շարժունակությանը․ Լանդշաֆտային ռազմավարությունում կենտրոնական խնդիր է ջրի խնայողությունը։ Կանաչապատումը դիտարկվում է որպես միկրոկլիմայի ձևավորման կարևոր գործոն՝ ստվերի ձևավորման, հովացման և քամու մեղմացման միջոցով։ Ներկայացման երկրորդ առանցքը նախագծային ուղեցույցներն էին՝ բազմաստիճան վերահսկողությամբ․ Ակադեմիական քաղաքի հատակագծի մակրո գոտիավորումից մինչև առանձին փոքր հողամասերի «կատալոգացում», որտեղ յուրաքանչյուր հողամասի համար սահմանվում են կառուցապատման ծավալները (փոքր, միջին կամ մեծ), ձևը, բարձրությունը, ճակատային մասին ներկայացվող պահանջները, կանաչապատման շրջանակը, լուսավորության տարբերակները, հրդեհային ու շտապօգնության մուտքերը, մատչելիության (թեքահարթակներ, վերելակներ) բաղադրիչները և այլն։






























