Վենեսուելայի շուրջ տեղի ունեցողը չափազանց վտանգավոր է. Իսպանիայի ԱԳՆ

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Վենեսուելայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները չափազանց վտանգավոր նախադեպ են ստեղծում՝ ընդգծելով, որ Մադրիդը մտադիր չի հանդուրժել «ուժեղի օրենքի» պարտադրումը։


«Սա ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ ապագայի համար։ Մենք մտադիր չենք հանդուրժել ուժեղի՝ ջունգլիների օրենքի գերիշխանությունը», - ասել է նա Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։


Նախարարի խոսքով՝ միջադեպը «միջազգային իրավունքին ակնհայտորեն հակասող» գործողություն է, և նա կրկնել է, որ խաղաղությունն ու ժողովրդավարությունը հնարավոր են միայն պետությունների ինքնիշխանության հարգման դեպքում։ Իսպանական դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ Մադրիդը Բրազիլիայի, Չիլիի, Կոլումբիայի, Մեքսիկայի և Ուրուգվայի կառավարությունների հետ համատեղ հայտարարություն է նախաձեռնել՝ դատապարտելով ԱՄՆ միջամտությունը։ Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ հույս է ունեցել Եվրամիության կողմից ավելի կոշտ դիրքորոշման։


Ալբարեսը նաև նշել է, որ միջազգային հակամարտություններում ուժի կիրառումը բազմիցս հանգեցրել է ծանր հետևանքների։ Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների փորձը, այդ թվում՝ Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները, ցույց են տալիս, որ ռազմական միջամտությունները չեն նպաստում ժողովրդավարության հաստատմանը, այլ, ընդհակառակը, հանգեցնում են քաոսի և անկայունության՝ ինչպես երկրների ներսում, այնպես էլ հարևան տարածաշրջաններում։

Քաղաքականություն