Մադուրոյի ձերբակալման մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել

Ըստ New York Times (NYT)-ի և CNN-ի տվյալների՝ ԿՀՎ գործակալների մի փոքր խումբ Վենեսուելայում գաղտնի գործունեություն է սկսել դեռևս օգոստոսին Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու դավադրության մեջ ներգրավված է եղել նրա մերձավոր շրջապատից ինչ-որ մեկը՝ «բռնապետի անձնական բնակարաններ անսահմանափակ մուտք ունեցող առնետ», հնարավոր է՝ նրա անձնական անվտանգության ծառայության սպա:


ԿՀՎ գործակալների այս խումբը լրտեսել է բռնապետին, նաև՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով: Գործակալները իմացել են, թե «ինչպես է նա տեղաշարժվում, որտեղ է ապրում, որտեղ է գնում, ինչ է ուտում, ինչ է հագնում, նույնիսկ՝ ինչ ընտանի կենդանիներ ունի»,- ասել է ԱՄՆ կառավարության գլխավոր ռազմական խորհրդական Դեն Քեյնը հարձակումից հետո անցկացված մամուլի ասուլիսում:


Ըստ Քեյնի՝ Մադուրոյի տան գրավման ժամանակ օգտագործվել են միկրոդրոններ, հաղորդում է Bild-ը: Նրանք ստեղծել են ներքին տարածքի եռաչափ քարտեզ իրական ժամանակում: Այսպիսով, զինվորներն իրենց սաղավարտների էկրաններին կարող էին տեսնել որտեղ են խոչընդոտները, թիկնապահներն ու անձամբ Մադուրոն, այսինքն՝ փաստացի տեսնել պատերի միջով:


Սակայն, վճռորոշը հենց ԿՀՎ-ի լրտեսն էր։ Ըստ NYT-ի, նա հայտնել է, որ Մադուրոյի ննջասենյակի և անվտանգ սենյակի հսկայական պողպատե դռները կարճ մեխանիկական ուշացում ունեն կողպվելիս։ Այս ընդամենը մի քանի վայրկյանի հնարավորությունն էլ Delta Force-ն օգտագործել է բռնապետին «անակնկալի բերելու» համար։ Լրտեսը, ենթադրաբար, նաև կոդավորված կապի միջոցով հաստատել է, որ Մադուրոն պառկել է քնելու, իսկ նրա թիկնապահները «հանգստանում» են։


Մադուրոյի մերձավոր շրջապատում լրտեսի ներկայությունը կարող է կապված լինել այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն անցյալ տարվա օգոստոսին հայտարարել էր վենեսուելացի բռնապետի ձերբակալությանը հանգեցնող տեղեկության համար 50 միլիոն դոլարի պարգևատրման մասին։

Քաղաքականություն