ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ հունվարի 1-ից՝ Վրաստան մուտք գործելու համար, կգործեն նոր կանոններ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, 2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով։
Փաստաթուղթը պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ՝ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից՝ նվազագույնը 30 000 լարի սահմանաչափով։
Auroranews-ը ահազանգ ստացավ ռադիոլսողներից, որ 30,000 լարին ապահովագրական վճարը չէ: Արդեն ՊԵԿ-ից Ավրորանյուզը ճշտեց, որ այս թիվը վերաբերում է Ապահովագրական ընկերություններին՝ պիտի տարեկան 30 հազար լարի ֆինանսական ծածկույթ ունենան, որպեսզի կարողանան իրականացնել առողջապահական ապահովագրություն:


Փաստաթուղթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը․
🔺Ապահովագրական պայմանագրի կողմեր,
🔺Ծածկույթի տարածք,
🔺Ապահովագրության առարկա,
🔺Ապահովագրության սկզբի և ավարտի ամսաթվեր,
🔺Ապահովագրված ռիսկեր,
🔺Ապահովագրական գումարի սահմանաչափը,
🔺Ապահովագրական վճարի չափը, վճարման վայրը և ժամկետը։
Ապահովագրությունը պետք է ուժի մեջ լինի զբոսաշրջիկի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։
Նշենք, որ պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են․
▪️Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցող անձինք,
▪️Դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները,
▪️Դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև դրանց հավասարեցված ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները,
▪️Այն անձինք, ու մուտքը Վրաստան նախատեսված է Վրաստանի միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով,
▪️Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները։





























