Բնակության հասցե փոխած քաղաքացիները կարող են նոր հասցեում հաշվառվել օնլայն. ՆԳՆ

Թվայնացումը ՆԳՆ մատուցած հանրային ծառայությունների նոր որակի բարձրացման գրավականն է. այդ համատեքստում թվայնացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ևս մեկ գործընթաց։ ՀՀ կառավարությունը հաստատել և գործարկել է mcs-register.am հարթակը։


Ըստ այդմ՝ այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը և ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում սպասելու և առանց որևէ թղթաբանության դիմումը լրացնել օնլայն տարբերակով։

Խիստ նույնականացման պայմանով՝ անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ․

- մուտք գործել համակարգ՝ անցնելով խիստ նույնականացում,

-ընտրել նոր դիմում՝ համանուն կոճակը,

- ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը․ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները,

- ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն,

-հաստատել, որ տարածքային տեսուչին հանդիպելու համար դիմումին հաջորդող աշխատանքային օրերին գտնվելու եք նշված հասցեում,

-վերջում անհրաժեշտ է սեղմել պահպանել, վճարել և ուղարկել հաստատման կոճակները և դիմումն արդեն վարույթում կլինի։


Գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում զանգահարել 84-22։


ՆԳ նախարարությունը շարունակելու է լավարկել թվայնացման գործընթացը՝ ապահովելով արագ, անվտանգ և քաղաքացու համար առավել հարմարավետ և հասանելի թվային ծառայություններ։

Քաղաքականություն