ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննության. «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննության՝ Նորքի զինված խմբին առնչվող քրեական գործով. ընդ որում՝ առերես հարցաքննության: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթի տեղեկությունով ըստ նախաքննական մարմնի՝ դեռեւս 2015-2016 թվականներին Նորքի զինված խմբի առանձին անդամների նկատմամբ ԱԱԾ-ում ճնշում է գործադրվել, որի արդյունքում էլ տրվել են խմբին մերկացնող ցուցմունքներ: Ու քանի որ այդ ժամանակ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարն էր, նրան են հրավիրել հարցաքննության:
Օրաթերթն այս առիթով հարց ուղղեց նաեւ Միքայել Համբարձումյանին՝ խնդրելով մեկնաբանել տեղեկությունները, սակայն վերջինս ընդամենը փաստել է, որ ուրախ է, որ դեռեւս կան ազնիվ մարդիկ, ովքեր անձնական կամ այլ շահերով պայմանավորված չեն գնում զրպարտության, ստի:
Այս պատասխանից կարող ենք հանգել այն հետեւությանը, որ այնուամենայնիվ տեղեկությունները ճիշտ են, եւ կատարվել է առերես հարցաքննություն, որի ընթացքում տրվել են Միքայել Համբարձումյանի վերաբերյալ մեղքը ժխտող ցուցմունքներ, ինչով էլ պայմանավորված՝ նա փաստում է այդ անձանց ազնվության մասին:





























