Տեսե՛ք, ի՞նչ է տեղի ունենում․ Հայաստանը շատ ավելի հետաքրքիր է դարձել աշխարհի համար․ Պապոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո Հայաստանը շատ ավելի հետաքրքիր է դարձել աշխարհի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայում է։ Հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը։
«Հայաստանն աշխարհի համար հետաքրքիր է դարձել առաջին հերթին այն տնտեսական հնարավորությունների շնորհիվ, որոնք այսօր կան։ Տեսե՛ք, ի՞նչ է տեղի ունենում, Վրաստանից մինչև Նորվեգիա այդ ամբողջ հատվածը, ըստ էության, փակ է, և նաև Հայաստանից դեպի հարավ՝ մինչև Հնդկական օվկիանոսի ավազան, նորից փակ է։ Ասիական հատվածը Եվրոպայի հետ կապող միակ ճանապարհը, այսպես կոչված, Միջին միջանցքը մնացել է, և անցնում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով։
Հիմա եվրոպական գործընկերներին շատ հետաքրքիր է, որ այն անցնի նաև Թուրքիայի տարածքով ու գնա Եվրոպա։ Բեռլինում, Համբուրգում գործարարների հետ հանդիպումը ցույց տվեց, որ բոլորին հետաքրքիր էր, թե ե՞րբ է բացվելու հայ թուրքական սահմանը, ե՞րբ է բացվելու Հայաստան֊Ադրբեջան սահման»,֊ ասել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն ընդգծել է, որ Արևմուտքը սպասում է այդ ճանապարհների ապաշրջափակմանը։





























