Վրաստանը պատրաստվում է դատական հայցեր ներկայացնել BBC-ի դեմ կեղծ տեղեկատվության համար
Վրաստանի իշխանությունները մտադիր են միջազգային դատարաններում դատական հայցեր ներկայացնել BBC-ի դեմ՝ ոստիկանության կողմից ցուցարարների դեմ քիմիական նյութեր կիրառելու վերաբերյալ հրապարակված հոդվածում կեղծ տեղեկատվություն տարածելու համար։ Այս մասին նշվում է իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարությունում։
BBC-ն երեկ հրապարակված հոդվածում պնդել էր, որ Վրաստանի իշխանությունները, ենթադրաբար, 2024 թվականին ցուցարարների դեմ կիրառել են Առաջին համաշխարհային պատերազմից մնացած քիմիական նյութեր։ Հոդվածի հեղինակները իրենց եզրակացությունները հիմնադրել էին Թբիլիսիում գործողությունների մասնակիցների մեկնաբանությունների վրա։
«Հաշվի առնելով, որ այս կեղտոտ քարոզչական նյութը փորձ է Վրաստանի կառավարությանը, ոստիկանությանը և, առավել կարևոր, վրացական պետականությանը վարկաբեկելու, մենք որոշել ենք դատական գործընթաց սկսել ստախոս լրատվամիջոցի դեմ միջազգային դատարաններում։ Կօգտագործենք բոլոր հնարավոր իրավական միջոցները, որպեսզի այսպես կոչվող լրատվամիջոցը պատասխանատվության ենթարկվի կեղտոտ և կեղծ մեղադրանքներ տարածելու համար»,– ասված է հայտարարության մեջ։





























