Դատախազը դատարան է հանձնել Գարեգին Բ-ի եղբոր ու եղբորորդու վերաբերյալ գործը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, ու եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ այսօր դատարան է ուղարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։


Նոյեմբերի 3-ին հայր և որդի Ներսիսյանները կալանավորվել էին նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով։


Դատախազությունից հայտնում են, թե նոյեմբերի 1-ին նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, Գ․Ղ․-ն «Հանրապետություն» կուսակցության աջակցի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր: Ժամը 14:00-ի սահմաններում Ոսկեհատում Համբարձում Ներսիսյանը Գ. Լուսավորիչ փողոցում գտնվող իր տան մոտ հանդիպել է Գ.Ղ.-ին, տեղեկացել, որ նա իրականացնում է նախընտրական քարոզչություն և տարածում է «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ քարոզչական տպագիր նյութեր:


Ըստ դատախազության՝ երբ Համբարձում Ներսիսյանը տեղեկացել է, որ կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը նույնպես գալու է ընտրողների հետ հանդիպելու նպատակով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել՝ պահանջելով, որ Գ.Ղ.-ն հեռանա՝ նշելով, որ Հարություն Մկրտչյանը չի մտնելու Ոսկեհատ բնակավայր:


Նշվում է, թե Գևորգ Ներսիսյանն էլ միացել է նրանց խոսակցությունը, անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել՝ պահանջելով, որ Գ․Ղ․-ն հեռանա։


Ըստ դատախազության՝ հետո էլ Համբարձում և Գևորգ Ներսիսյանները գնացել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի իրականացման վայր, որտեղ Գևորգ Ներսիսյանը իջնել է ավտոմեքենայից, զրուցել կուսակցության թեկնածուի հետ հանդիպմանը սպասող անձանց հետ, որից հետո նշված անձինք հեռացել են:

Քաղաքականություն