Քննարկվել է Երևան–Լոս Անջելես ուղիղ թռիչքների հնարավորությունը
Նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ խոշորագույն ավիափոխադրողներից մեկի՝ «Delta Air Lines» ընկերության փոխնախագահ Բոբ Լեթենեյի հետ։
Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից, քննարկումների գլխավոր թեման եղել է Երևան–Լոս Անջելես ուղղությամբ ուղիղ ավիաթռիչքներ իրականացնելու հնարավորությունը։
Զրուցակիցները անդրադարձել են ուղևորափոխադրումների պահանջարկին, տեխնիկական և լոգիստիկ հնարավորություններին, ինչպես նաև համագործակցության այն ձևաչափերին, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև ավիահաղորդակցության զարգացմանը։
Դեսպան Մկրտչյանը նշել է, որ ուղղակի ավիաթռիչքների գործարկումը կարևոր նշանակություն կունենա հայաստանյան սփյուռքի, զբոսաշրջության և տնտեսական կապերի խորացման համար։ Քննարկումները շարունակվելու են մասնագիտական մակարդակով՝ գնահատելու նախագծի իրագործելիությունը։





























