2026 թվականի երկրորդ կեսին կսկսեն Թրամփի ուղու աշխատանքները. Փաշինյան
Հայաստանը չի ասում, որ Թրամփի ուղին պետք է իրականացվի Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով։ Մենք թուղթ ենք ստորագրել, որ այն պետք է լինի ընդունելի պայմաններով։ Այս հայտարարությունն արել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք թուղթ ենք ստորագրել ընդունելի պայմանների մասին։ Ադրբեջանի համար ընդունելի պայմանները նրանք են, որոնց տակ դրված է Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ստորագրությունը։ Վաշինգտոնի հռչակագրի երրորդ կետում Ադրբեջանը ստորագրել է այն թղթի տակ, թե որոնք են ընդունելի պայմանները։ Դրանք են՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Ասածս այն է, որ ԱԺ բացակա մասը (խմբ.՝ ընդդիմությունը) ոգևորվել էր դրանից։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը խոսում են կոնսպիրացիաների մասին, լսել եք, եկեք դիմացս կանգնեք, ասեք, տեսեք ինչ կլինի։ Կոնսպիրացիայի մասին խոսել թողել են, իսկ բանավեճից հրաժարվելն շարունակվում է։ Հեսա մինչև ավագանի, տարածքային կազմակերպություն, բարեկամ, բաջանաղ, քեռի՝ բոլորը, ով տեսնի ճանապարհը, փոխելու է, որպեսզի հանկարծ բանավեճի մեջ չմտնեն»,– ասել է Փաշինյանը։
Թրամփի ուղու մասին խոսելով՝ Փաշինյանը նաև նշել է, որ մինչև տարեվերջ թղթի վրա պետք է նկարագրեն բոլոր մանրամասները։
«2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը, բայց սրա մասին չէի ուզում ասել, որովհետև փորձս ցույց է տալիս, որ նման պլանները միշտ ժամկետի մեջ շեղում ունենում են։ Չնայած մենք դեռ պլանի մեջ ենք, լրատվությունը ցույց է տալիս, որ նախագահ Թրամփի թիմի նույն շրջանակն է աշխատում մի քանի շատ կարևոր առանցքային թեմաների հետ, և այդ մարդիկ նաև օբյեկտիվ հանգամանքների պատճառով ծանրաբեռնվում են այլ թեմաներով։ Մենք ամեն ինչ կանենք, որ այս ժամանակացույցը հստակ աշխատի։ Եթե հանկարծ 1–2 շաբաթ ուշանա, էլի նոր աղմուկ է բարձրանալու, բայց գիտեմ, որ պլանները միշտ ինչ-որ շեղում ունենում են։
Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով, որովհետև այլ տեղում երկաթուղի կառուցելն իրատեսական չէ։ Գազամուղն անցնելու է դրանից էականորեն հյուսիս, էլեկտրական գծերը ևս։ Ուսումնասիրությունները տեղում սկսել ենք, բայց չեմ կարող ասել, որոնք հատվածները կմնան Սյունքի մարզում, որոնք՝ Վայոց Ձորի մարզում, որովհետև դա կախված է բազմաթիվ գործոններից։ Ավտոճանապարհների հետ կապված՝ հյուսիս–հարավ ուղղությունը կառուցվում է, և մեծ հավանականությամբ արևելք–արևմուտք ճանապարհները կինտեգրվեն հյուսիս–հարավի ճանապարհներին։ Երկաթուղին հստակ գիտենք, գազամուղը ավելի հյուսիս է լինելու, էլեկտրահաղորդման գծերը էականորեն ավելի հյուսիս են լինելու, ճանապարհն ինչ-որ ձևով ինտեգրված կլինի հյուսիս–հարավ երթուղուն, իսկ նավթամուղի հետ կապված դեռ հստակ տեղեկություններ չկան»,– ասել է նա։





























