
Ադրբեջանի ԱԳՆ-ը մեղադրել է Արարատ Միրզոյանին

Պաշտոնական Բաքուն արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին՝ մեղադրել է «հակաադրբեջանական արշավի մեջ»։
«Հայկական կողմից իրականացվող հակաադրբեջանական արշավը, միջազգային տարբեր հարթակներում և պարտավորությունների վերաբերյալ խոստումներից խուսափելը, ներառյալ խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները և միջազգային միջնորդների ջանքերը զրոյացնող հռետորաբանությունը ապացուցում են, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության մեջ»,- ասվում է հայտարարությունում։
Բաքուն ՀՀ ԱԳ նախարարին մեղադրում է ագրեսիվ հռետորաբանության մեջ ու միջազգային հանրությունից գնահատական պահանջում։
«Հատկապես կարևոր է միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականը Հայաստանի արտգործնախարարի ագրեսիվ հռետորաբանությանը, որը հայազգի բնակիչներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին աջակցելու փոխարեն ներկայացրել է իր սադրիչ և անտրամաբանական ցանկությունների ցանկն այս ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ «Արցախի հայերը չեն կարող գերակա իրավունքներ ունենալ ադրբեջանցի բնակչության նկատմամբ»։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արարատ Միրզոյանի մեկնաբանությունները: