Գալյանը ներկայացրել է՝ ինչու են մեր երկրում երկար տևում դատավարությունները
1700-ից ավելի կալանավորներից 10-15 կալանավորի դեպքում է, որ 5-ից ավելի տարի կալանքի տակ են: Ինչն էլի շատ վատ է, այնպես չէ, որ թվերը նշում եմ արդարացնելու համար, թե նորմալ է, որ մարդիկ կալանքի տակ են: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են մեր երկրում երկար տևում դատավարությունները:
Սրբուհի Գալյանը ասել է. «Գնալու ենք յուրաքանչյուր կոնկրետ դատավարության համար կոնկրետ դատավարական ժամկետ սահմանելու ճանապարհով. քրեական գործերով դա լինելու է 1 տարին, որը կարող է երկարացվել ոչ ավելի, քան 3 անգամ՝ կրկին 1 տարով, բայց պատճառաբանված որոշմամբ: Այսինքն՝ կանոնը լինելու է 1 տարին, դրանից շեղում հնարավոր է լինելու, և մենք մեր մտքում ունենք, որ շեղման թույլտվությունն առաջիկա տարիների համար ենք տալու, քանի որ ունենք օբյեկտիվ ծանրաբեռնվածություն:
Դատարանում գտնվող քրեական վարույթների ձգձգման հաջորդ պատճառն այն է, որ մարզերում նշանակված դատավորները երբեմն տեղափոխվում են Երևան քաղաք կամ անցնում են առաջխաղացման ցուցակներ, և նրանց գալիս է փոխարինելու նոր դատավոր, և նոր դատավորի գալուց հետո գործի քննությունը սկսվում է զրոյական կետից: Մենք ունենք նախաձեռնություն, ըստ որի՝ դատավորի փոփոխության դեպքում, եթե կողմերը չեն առարկում, գործի քննությունը չպետք է սկսվի զրոյական կետից, այլ պետք է շարունակվի այն կետից, որում ավարտվել է, այսինքն՝ առաջին դատավորը որ կետում թողել գնացել է»,- ասել է նա:





























