Ռուսաստանը հայտարարում է՝ պահպանում է համաձայնագրերը ԱՄՆ-ի հետ

Ռուսաստանը լիովին պահպանում է ԱՄՆ-ի հետ կնքված երկկողմ համաձայնագրերի պահանջները, որոնք վերաբերում են բալիստիկ հրթիռների արձակումներին և ռազմավարական զորավարժություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։


Նրա խոսքով՝ երկու հիմնական համաձայնագրերն էլ տասնամյակներ շարունակ նպաստել են ռազմավարական կայունությանը։ Առաջինը վերաբերում է կողմերի փոխադարձ ծանուցմանը բալիստիկ հրթիռների արձակումների մասին, իսկ երկրորդը՝ խոշոր ռազմավարական զորավարժությունների վերաբերյալ տեղեկացման կարգին։


Ռյաբկովը նշել է, որ Ռուսաստանը խստորեն հետևում է այս փաստաթղթերի բոլոր պահանջներին։ «Կարող եմ վստահեցնել, որ որևէ շեղում այս երկու համաձայնագրերից չի թույլատրվում»,- ընդգծել է նա՝ արձագանքելով հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները տեղեկացվել է «Բուրևեստնիկ» նոր հրթիռի ներգրավման մասին ռազմավարական զորավարժությունների շրջանակում։

Քաղաքականություն