Հայաստանում շատ կրթական օջախների տնօրեններ իրենց պահում են, որպես փոքրիկ իշխաններ. Արթուր Նազարյան
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը գրել է.
«Հայաստանում դեռ շատ կրթական օջախների տնօրեններ իրենց պահում են ոչ թե որպես կրթության գործիչ, այլ որպես փոքրիկ իշխաններ։ Վառ օրինակ է Երևանի կենտրոնում գործող երաժշտական դպրոցը, որի տնօրենը արդեն ամիսներ շարունակ հրաժարվում է տրամադրել դպրոցական բասկետբոլի մարզադահլիճը մարզումների համար։
Էլ ԱԺ-ից են դիմել, էլ ԿԳՄՍՆ-ից, բայց մարդը շարունակում է մերժել՝ կարծելով, թե այդ դահլիճը իր հոր տնից է բերել և կարող է իշխել այնտեղ մինչև կյանքի վերջ։
Խորհրդավորն այն է, որ հենց նման մարդիկ առաջինն են բարձրաձայնում երեխաների առողջության, դաստիարակության ու կրթության մասին։ Բայց երբ գործը հասնում է իրական աջակցությանը՝ իրենց դպրոցների դռները փակ են մնում։
Սա տիպիկ ստալինյան պահվածք է՝ երբ պաշտոնը մարդուն դարձնում է անսասան “իշխանիկ”, իսկ հանրային շահը մղվում է երկրորդ պլան»։





























