Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվում է տրամադրել վարկի հաշվին կատարված գնումների պայմանագրերի կրկնօրինակները

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հրաժարվում է «Հետք»-ին տրամադրել այն գնումների պայմանագրերի կրկնօրինակները, որոնք կատարվել են հեռուստաընկերության լրատվական ծառայության շենքի գրավադրման արդյունքում ստացված վարկային միջոցների հաշվին։ Ինչպես գրել ենք, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության մասնաշենքը՝ նախկին «Երևան ստուդիա»-ի շենքը, 2013 թվականին գրավադրվել է բանկում, որի դիմաց ներգրավված վարկի ծավալը կազմել է 1,8 մլրդ դրամ։

 

Մեր հարցումներին ի պատասխան՝ հեռուստաընկերությունից տեղեկացրել են, որ նշված գումարն ուղղվել է տեխնիկայի ձեռքբերմանը, շենք-շինությունների հիմնանորոգմանը, նոր հաղորդումների ու ֆիլմերի պատրաստմանը և այլն։

 

Մեկ այլ հարցմամբ Հանրային հեռուստաընկերությանը խնդրել ենք տրամադրել այդ ծախսերի շրջանակներում կատարված պետական գնումների պայմանագրերի կրկնօրինակները։ Հեռուստաընկերությունից, սակայն, նշում են, որ այդ պայմանագրերը պարունակում են գաղտնիության վերաբերյալ կարգավորում։ Պատասխան նամակում նշված է, որ պայմանագրի պայմաններին, արժեքին, պայմանագրից բխող գործողությունների կամ պայամանագրի վերաբերյալ բանակցություններին առնչվող՝ կողմերի միջև փոխկապակցված ողջ տեղեկատվությունը գաղտնի է և չի կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի, բացառությամբ մյուս կողմի նախապես տրամադրված գրավոր համաձայնության կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։

 

Ավելին՝ հեռուստաընկերությունից համարում են, որ գործընկերների համաձայնությունը ստանալը ժամանակավոր և ոչ նպատակահարմար գործընթաց է։ «Այսինքն, տվյալ պայմանագրերի կրկնօրինակները Ձեզ տրամադրելու համար Հեռուստաընկերությունը նախևառաջ համապատասխան հարցումներով պիտի ստանա իր գործընկերների գրավոր համաձայնությունները, ինչպիսի գործընթացը ժամանակատար է, իսկ ելնելով վերոգրյալից նաև՝ ոչ նպատակահարմար, քանի որ Հեռուստաընկերության ֆինանսական մուտքերին և ելքերին վերաբերող ողջ տեղեկատվությունը Հեռուստաընկերության բյուջեի, ինչպես նաև հարկային ստուգում և արտաքին աուդիտ անցած տարեկան ֆինանսական հաշվետվությունների տեսքով հրապարակված է Հեռուստաընկերության և Հեռուստաընկերության կառավարման մարմին Խորհրդի պաշտոնական կայք-էջում»,- նշված է պատասխան նամակում։