
Հայտարարվել է Ֆրանսիայի նախարարների կաբինետի նոր կազմը

Ֆրանսիայի նախագահական պալատը հայտարարել է հրաժարականից օրեր հետո երկրի վարչապետի պաշտոնին վերադարձած Սեբաստիան Լեկորնյուի կառավարության կազմը։
Ժան Նոյել Բարոն վերստին ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Զինված ուժերի նախարար է դարձել աշխատանքի նախկին նախարար Կատրին Վոտրենը։ Ներքին գործերի նախարար է նշանակվել Փարիզի ոստիկանության ներկայացուցիչ Լորան Նունիեսը։ Ժերալդ Դարմանենը վերանշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում։
Ռոլան Լեսկյուրը մնում է էկոնոմիկայի և ֆինանսների նախարար։ Իր պաշտոնը պահպանել է նաև մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։
Հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում կրկին նշանակել էր Լեկոռնյուին, ով մեկ ամսից քիչ պաշտոնավարելուց հետո՝ հոկտեմբերի 6-ին հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։