Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև մեկ տասնյակից ավելի երկրների նախագահներ և վարչապետներ: 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Շատ խորհրդանշական է, որ «Համաշխարհային դարպասներ» խորագիրը կրող առաջին համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացրեց մեր նորաստեղծ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապակցվածության կարևոր հանգույց դառնալու տեսլականով։ Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք լիարժեքորեն հասկանում ենք ներառական և արդար կապակցվածության բոլոր դրսևորումների առավելությունները, քանի որ կապակցվածության բացակայությունը երկար ժամանակ լուրջ խոչընդոտ է եղել Հայաստանի զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման ճանապարհին»։


«Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում, մեր «Խաղաղության խաչմերուկի» գաղափարն իրականություն է դառնում՝ ունենալով ողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև՝ շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար։


Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե՛ քաղաքականապես, թե՛ լոգիստիկապես պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն, անխոչընդոտ կապակցվածության մեջ։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը հայտնի է նաև որպես «TRIPP» ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում՝ երկաթուղիներից մինչև էներգետիկա։


Հետևաբար, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, և Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային, էներգետիկ և կարգավորող դաշտի փոխգործունակությունը և կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ։ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խորը և ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես՝ «Համաշխարհային դարպասներին», Սևծովյան ռազմավարությանը, Միջին միջանցքին, Անդրեվրոպական տրանսպորտային ցանցին և այլոց»,- մասնավորապես իր խոսքում նշել է վարչապետը։ 

Քաղաքականություն

Պատահարներ