
Հանրային տիրույթում բոլորի համար արդեն պարզ էր, թե ինչ է սպասվում․ Բարգատ սրբազանի պաշտպան

2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, և առնվազն իրավապահների ու դատական պրակտիկայի տեսանկյունից Հայաստանում հեղափոխություն անելն ապօրինի չէ, եթե դա չի զուգորդվում բռնությամբ։ Այսօր «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 աջակիցների գործով նախնական դատալսման ժամանակ հայտարարել է պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ ներկայացնելով բոլոր 18 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն հանցակազմի բացակայության հիմքով։
«Այս վարույթը պետք է կարճվի և քրեական հետապնդումը դադարեցվի, որովհետև վարույթի ամբողջ նյութերի հետազոտումն արդեն իսկ հնարավոր չէ այս վարույթի կեղծված և փչացած, նեխած լինելու պատճառով»,- ասած Խուդոյանը։
Փաստաբանը ներկայացրել է իրավապահների և բարձրաստիճան պաշտոնյաների այն մանիպուլյացիաները, որոնք ուղեկցել են այս գործը։ Նրա խոսքով՝ հունիսի 20-ին «Սրբազան պայքարի» շատ մասնակիցներ բերման են ենթարկվել այսպես ասած բացատրական աշխատանքների իրականացման համար։ Այդ օրվա դրությամբ այս ամբողջ գործի փաթեթը պատրաստ էր, գաղտնալսումներն արված էին և այլն, սակայն դահլիճում ներկա 18 մեղադրյալներին ձերբակալելու խնդիր իրավապահները չէին ունեցել։
«Հունիսի 24-ին մերձիշխանական լրատվամիջոցներով հրապարակվում է ժողովրդական անցման պլան, որտեղ առանց բռնի գործողությունների նկարագրման ինչ-որ նկարագիր է տրվում՝ ինչպես կարելի է Հայաստանում հեղափոխություն անել, անձանց, ուժերի ներգրավել և այլն»,- ասել է Խուդոյանը։
Նրա խոսքով՝ դրանից հետո ՀՀ վարչապետը, ԱԺ պատգամավորներ, նախարարներ, բարձրաստիճան տարբեր անձինք սկսում են տեղեկատվական ահաբեկչություն իրականացնել՝ փորձելով ցույց տալ, թե իրավապահները բացահայտել են ՀՀ-ում նախապատրաստվող հեղաշրջման փորձ։ Ըստ նրա՝ հանրային տիրույթում բոլորի համար արդեն պարզ էր, թե ինչ է սպասվում, հունիսի 25-ից սկսվում են խուզարկություններ և ձերբակալություններ։
Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։