Կարողացեք ցույց տալ` ժողովուրդը ձեր կողքին է կանգնել. Արուսյակ Ջուլհակյան

Կլինի հայտարարություն, կլինի վարչապետին անվստահություն հայտնելու օրենքով սահմանված ընթացակարգ՝ բացակայում է ժողովուրդը, պարոն Մամիջանյան: Երբ ժողովուրդը կգա՝ այն ժամանակ եկեք: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին:


«Այս պահի դրությամբ մենք ունենք հետևյալ պատկերը. 2021 թվականի ընտրություններին մասնակցել եք, «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել է 66,650 ձայն: Ընտրություններին մասնակցել է 1 մլն 281 997 քաղաքացի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 688,761 ձայն: Դուք ավելի քան տասը անգամ քիչ ձայն եք ստացել այդ ընտրությունների ժամանակ և նույնիսկ անցողիկ շեմը չեք հաղթահարել»,-նշել է ՔՊ-ական պատգամավորը:


Նա հավելել է, որ ընդդիմությունը իր ստացած ձայների նույնիսկ 10% ժողովրդին չի կարողացել կոնսոլիդացնել փողոցում:


«2021 թվին դուք ժողովրդի մանդատը չէիք ստացել մեզ հեռացնելու, իսկ մենք հակառակը՝ ստացել էինք: Կարողացեք ցույց տալ, որ ժողովուրդը հիմա եկել և ձեր կողքին է կանգնել, որ մենք ասենք՝ շատ լավ, ժողովուրդը եկավ, մենք պետք է հեռանանք»,-ասել է Ջուլհակյանը:

Քաղաքականություն

Պատահարներ