
Դատավորը սխալ կարդաց Միքայել սրբազանի վճռի հոդվածի համարը. պաշտպան

Դատավորն այնքան հուզված էր, որ սխալ կարդաց Միքայել սրբազանի վճռի հոդվածի համարը: Դատական նիստից հետո լրագրողներին ասել է պաշտպան Արա Զոհրաբյանը։
«Միքայել սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատարանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով, որը լրիվ ուրիշ բանի մասին է՝ «Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»։ Դատարանն ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Հուզմունքը մարդկանց ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր, և Միքայել սրբազանը չի կատարել ո՛չ 442-րդ հոդվածով, ո՛չ 422-րդ հոդվածով նախատեսված արարքը»,- լրագրողներին ասել է պաշտպան Արա Զոհրաբյանը։
Շեշտել է՝ Միքայել սրբազանը հոգեպես պատրաստ էր այս դատավճռին։ Հավելեց՝ այն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ ատյան։ Նրա խոսքով՝ իրենք արդեն ստացել են Վճռաբեկ դատարանի որոշումը, որով իրենց բողոքը՝ առաջին կալանքի հետ կապված, վարույթ ընդունելը մերժվել է, ուստի այս հարցով արդեն դիմելու են միջազգային ատյան։