Դատավորների մեծ մասը դարձել է այս իշխանությունների կամքը կատարող. Էլինար Վարդանյան

Միամտություն կլինի ակնկալել կամ հավատալ, որ դատարանն այսօր արդարադատություն է անելու։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը:


«Դատարանն իր կողմնակալությունն արդեն ցույց է տվել վերդիկտի միջոցով, երբ քրեաիրավական հիմք չունեցող գործով Միքայել սրբազանին ճանաչեց մեղավոր։ Այս պարագայում որևէ դրական ելք ակնկալել այս դատարանից միամտություն է»,- ասաց նա։


Ընդդիմադիր պատգամավորը նշեց՝ եթե այսօր պատիժ նշանակեն Միքայել սրբազանին, և այն լինի ազատազրկման ձևով, ապա բոլորս պետք է ընդունենք, որ դատում են ոչ թե Միքայել սրբազանին, այլ դատում են մեր խիղճն ու հավատը։


Պատգամավորը շեշտեց, որ որոշ բացառություններով՝ դատավորների մեծ մասը դարձել է այս իշխանությունների կամքը կատարող և նրանց համար վճիռներ դակող։ Ըստ նրա՝ առաջին բանը, որ պետք է արվի իշխանությունների հեռանալուց հետո, դատական համակարգը շտկելն է՝ այն վերածելով իսկապես անկախ և օրենքով առաջնորդվող դատական համակարգի։


«Այսօր մենք ունենք դատավորներ, որոնք ծառայում են առանձին տերերի»,- հավելեց պատգամավորը։


Քաղաքականություն