Վոլոդյա Գրիգորյանի սպանության մեջ դերակատարում ունի իրավապահ համակարգի բարձիթողի վիճակը. Աննա Գրիգորյան

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության վերաբերյալ քննությունը պետք է շարունակվի և ավելի մեծ շրջանակ ընդգրկի։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։


Նրա կարծիքով՝ ՀՀ քննչական կոմիտեն շտապեց պաշտոնական վարկած առաջ քաշել, թե անձնական վրեժխնդրության հողի վրա է տեղի ունեցել, սակայն ո՛չ Վալոդյան, ո՛չ էլ նրա եղբայրն այնպիսի գործողություն չէին կատարել, որը կարող էր բերել այսպիսի վրեժխնդրության։


Պատգամավորի խոսքով՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը, անցնում է խուլիգանության գործով և փետրվարյան արյունալի դեպքերի հետ առնչություն չունի, հետևաբար, ըստ նրա, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի կողմից անպատասխանատու քայլ է հայտարարել, որ սպանությունը բացահայտված է։


Վստահ է՝ պետք է նաև քննության առարկա դառնա այն, թե ինչպես է ստացվել, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր առաջ նրա քաղաքական հակառակորդ Մհեր Ախտոյանը (Մերձավանի նախկին վարչական ղեկավար, ՔՊ-ական, որը որը 2025թ․ մարտի ընտրություններում պարտվեց Վալոդյա Գրիգորյանին– խմբ․) մեկնում է երկրից և նրան ՀՀ-ից ճանապարհում է այն նույն անձը, որը հետագայում պետք է իրականացներ այդ սպանությունը։


Պատգամավորը շեշտեց՝ այս պատմության մեջ դերակատարում ունի նաև իրավապահ համակարգի բարձիթողի վիճակը։ Իմանալով, որ համայնքում խնդիր կա՝ պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել ողբերգությունը կանխելու համար։


Նա համեմատություն անցկացրեց՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար դատախազը 2 տարի և 6 ամիս ազատազրկում է պահանջում հարցազրույց տալու համար, մինչդեռ Արմավիրի մարզի Արաքս բնակավայրում սպանություն կատարած անձը նախկինում ինքաձիգից կրակոցներ էր արձակել, բայց ազատության մեջ էր։

Քաղաքականություն