Մի քիչ էլ կձգի ու հավերժ կփակվի. Փաշինյանը` ՀՅԴ-ի մասին

Դաշնակցություն փակելու անհրաժեշտություն չկա, դուք ամեն օր Դաշնակցությունը փակում եք: Այսպես մի քիչ էլ կձգի ու հավերժ կփակվի, դա այնքան կանխատեսելի բան է: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:


«Ինչ վերաբերում է օգոստոսի 8-ի օրակարգին, դուք եք ուզում եմ այն տապալվի, բայց բացառված է, որ տապալվի: Միջազգային կառույցներում արձանագրումն արել եմ, որ չի կարող տապալվել, որովհետև խաղաղությունը իրականություն է, և խաղաղությունը դառնալու է ավելի ու ավելի ինստիտուցիոնալ»,- նշեց վարչապետը:


Անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Փարաքար համայնքի ղեկավարի ցավալի սպանություն կատարողներն առնվազն բացահայտված են, որևէ կասկած չունեմ, որ ամբողջական կբացահայտվի, Պողոս Պողոսյանի գործը դատարանում է, և ենթադրում եմ, որ դա էլ կբացահայտվի, Վահրամ Խորխոռունու սպանությունը բացահայտվում է, ենթադրում եմ՝ դատարանի վճիռ չկա, բոլոր նախադրյալները կան, որ գործը կգնա դատարան, դա էլ կբացահայտվի, «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, մնում է, որ պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության»:

Քաղաքականություն