Մի անգամ ասել եմ, որ պետք չի գործընկերությունը շփոթել ամուսնության հետ. Փաշինյան

Նախկինում ես կարդում էի հավասարակշռված և հավասարակշռման մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ ներհայաստանյան մեկնաբանությունները և զարմանում, հիմա էլ կարդում եմ միջազգային մեկնաբանությունները և զարմանում։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ես մի անգամ ասել եմ, որ պետք չի գործընկերությունը շփոթել ամուսնության հետ։


Ամեն այցից հետո մեկնաբանություններ են հնչում, որոնք կարիք ունեն պարզաբանման։ Նախկինում մենք խոսել էինք նոր ատոմային ռեակտոր կառուցելու մեր փնտրտուքների մասին, ես միջազգային մամուլի արձագանքներից հասկացա, որ մեր դիրքորոշումը կամ լավ պարզաբանված չէ, կամ պարզապես այդ պարզաբանումը չի հասել հասցեատերերին։


Մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Ո՞ւմ հետ ենք մենք կառուցելու այն։ Մենք մեր բոլոր գործընկերներին, որոնք նման տեխնոլոգիա ունեն, բոլորին հարցրել ենք՝ դուք կնեղսրտե՞ք, եթե մենք այս թեման քննարկենք մյուսների հետ։ Բոլորն ասել են՝ ոչ։


Երբ ես գնում եմ Մոսկվա, բոլորն ասում են՝ վերջ, ուրեմն Մոսկվայի հետ է կառուցվելու, ԱՄՆ–ի հետ հուշագիր ենք ստորագրում ու գնում Մոսկվա, ասում են՝ հուշագիրը ստորագրեցին, ինչի՞ գնացին Մոսկվա։


Գնում ենք Չինաստան, ասում են՝ չհասկացանք։ Մենք շատ թափանցիկ ասել ենք, որ էս պահին ուզում ենք ստանալ առաջարկներ և մենք նման խոսակցություն ունենք և ԱՄՆ–ի հետ, եւ ՌԴ–ի հետ, և Չինաստանի հետ, և Ֆրանսիայի հետ։


Մենք քաղաքական բաղադրիչ չենք դնում, մենք ասում ենք՝ կոմերցիոն առումով պետք է նայենք, թե որ առաջարկն է մեզ ձեռնտու և ընտրություն կատարենք ըստ այդմ։


Այս թեմայով երկխոսություն ունենք 5 գործընկերոջ հետ, և յդ խոսակցությունները գործնական են։ Մեր աշխատանքային խմբերը այցելում են կամ պիտի այցելեն տարբեր տեղեր, տեսնելու, ուսումնասիրելու, պարզելու։


Մյուս կողմից էլ մենք պետք է առաջիկա 1-2 տարում որոշում կայացնենք ու պայմանագիր կնքենք և դա չի ունենալու աշխարհաքաղաքական ու արտաքին քաղաքական ենթատեքստ։


Մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր և ուզում ենք դա առավել լավ գնով, առավել անվտանգ տեխնոլոգիայով և նաև ներդրման հետգնման հնարավորինս կարճ ժամկետում։ Խնդրում եմ, սրա տակ ոչ ոք աշխարհաքաղաքականություն չփնտրի»,- եզրափակել է Փաշինյանը:

Քաղաքականություն