Այն, ինչ արվել է դպրոցների հետ շինարարության առումով, խայտառակություն է. ԿԳՄՍ նախարար

59 դպրոցներ արդեն հանձնված են շահագործման, 259 դպրոցներում ընթանում են աշխատանքներ: Պարզ թվաբանությամբ գումարում ենք և տեսնում, որ սա արդեն ավելին է, քան 300-ը: Բացի դրանից՝ մենք ունենք ևս շուրջ 60 դպրոցներ, որոնք նախապատրաստվում են շինարարության գործընթացին: Այդ մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի դիտարկմանը, թե ընդդիմությունը մտահոգություն ունի, որ 300 դպրոցների կառուցման ծրագիրը ուշանում է, և որ դպրոցնեի թիվն էլ քիչ է նախատեսվածից:


«Մեկ անգամ ասել եմ, էլի եմ ասում՝ թող անհո՛գ լինեն, այն թվերը, որոնք գրված են Կառավարության ծրագրում, դրանք տեղի են ունենալու: Դպրոցը մեկ օրում չի կառուցվում:


Մենք գնացել ենք և տեսել ենք հատուկենտ շինություններ, որոնք ժամանակին կառուցվել են և վրան ամրացվել է «դպրոց» ցուցանակը, որտեղ մարզադահլիճ չկա, հանդիսությունների սրահ չկա, ճաշարան չկա: Դպրոցն էլ այնպիսի մի շինություն է, որ ընդամենը 10 տարի հետ կապիտալ նորոգման կարիք ունի, որովհետև պարզ չէ՝ ինչ որակի շինանյութ են օգտագործել, ինչ որակի աշխատանք են արել:


Հետևաբար կարծում եմ, որ ով-ով, բայց այն մարդիկ, որոնք խոսում են, պիտի լռեն: Ամոթ է ուղղակի, որովհետև այն, ինչ արվել է դպրոցների հետ, այն, ինչ արվել է նաև շինարարության առումով, խայտառակություն է, և այսօր գնում ենք այդ բոլոր սխալները շտկելու ճանապարհով, որպեսզի դպրոց անվանենք այն, ինչ ունի այդ ենթակառուցվածքները, որպեսզի չստեղծվի իրավիճակ, որ մարդիկ մտածեն, որ պետության կողմից արվող շինարարությունը ինչ ասես՝ կարող են անել, և դա կանցնի: Այսօր որակի ամենալուրջ վերահսկողությունն է այս ոլորտում, և յուրաքանչյուր թվի հետևում կա նաև վստահություն, որ այդ դպրոցական շենքը ծառայելու է տարիներ և այդ շենքում երեխաներն ունենալու են անվտանգ, ապահով, ժամանակակից պայմաններում կրթվելու հնարավորություն:


300-ից ավելի ենք ունենալու և ունենալու ենք ավելին, քան 300-ն առաջիկա տարիների ընթացքում»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ 2026-ի ավարտին 300 դպրոցների կառուցման ծրագիրն ավարտին կհասցնեն:

Քաղաքականություն