
Վարժական հավաքներից հետո ահազանգեր կան. Գեղամ Մանուկյան

«Մի քանի ամիս առաջ բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր կային, որ վարժական հավաքից հետո, ասում էին՝ 42 հազար պահելու ենք ֆորմի համար: Ահազանգն եղավ, հարցը ոնց որ կարգավորվեց»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Հիմա էլ ֆորմեն որ տալիս են, ասում են՝ աչքի լույսի պես 3 տարի պետք է կպահես»,- հավելել է պատգամավորը:
«Անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր իր աշխատանքից, ընտանիքից զրկվելը`ահա խնդիրների շարքը։ Խնդիրը նաև նրանում է, որ վարժական հավաքների գաղափարն ի սկզբանե աղճատվեց․ վարժական հավաքների անվան տակ քաղաքական նպատակներով տասնյակներով մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով։ Մեկ այլ խնդիր էլ կա՝ գյուղերից ավելի շատ մարդ է գնում հավաքներին, քան Երևանից։ Նաև անկեղծ լինենք՝ լավ օրից չէ, որ այս վարժական հավաքները կան, քանի որ մարտական հերթապահության խնդիր կա ու թող չհոխորտան, թե պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են, ոչ։ Ինչ վերաբերում է կեցության պայմաններին, ապա դեպքեր կան, որ ուղղակի ահավոր վիճակ է։ Անվտանգության բոլոր հարցերը կարևոր են, սակայն անվտանգության խնդիր է նաև աչքակապությունը, պոռոտախոսությունը, մարդկանց խաբելը»,- հայտարարել է Մանուկյանը։
Հիշեցնենք՝ քննարկվում է ՀՀ ՔՕ փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող ՔՕ 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, ՌՈ գործունեությունը և այլն: